Հասարակություն

Պաշտոնանկություն ու նշանակում, պատգամավորների առաջարկած նախագծերի մերժում

hasmikdilanyan

Պաշտոնանկություն ու նշանակում, արտոնություն շահութահարկի մասով, պատգամավորների առաջարկած նախագծերի մերժում: Հերթական հինգշաբթին կառավարությունում: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այսօր այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է մարզպետի պաշտոնից: Մեկ այլ նախագծով էլ Կոտայքի մարզպետ է նշանակվել  Կարապետ Գուլոյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչի արդյունքում 100-րդ տարելիցի նախաշեմին  շրջանառության մեջ կդրվի մեկ տասնյակից ավելի քարտեզներ, որոնք կբաժանվեն  ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի ուսումնական հաստատություններին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ  տեսել է քարտեզների նմուշները և բարձր է գնահատում կատարված աշխատանքը: ՀՀ կառավարությունը որոշել է  2015թ. ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ը՝ շաբաթ օրը: Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լրացուցիչ քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն արդեն նաև Կոտայքի նախկին մարզպետն է, նա այլ աշխատանքի կտեղափոխվի, իսկ մարզը կղեկավարի  Կարապետ Գուլոյանը, ով զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը: Սրանք կառավարության այսօրվա նիստի առաջին ու վերջին հարցերն էին:

Տնտեսական գործունեության պետական կարգավորմումը, արդյունավետության բարձրացումը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը  խոչընդոտող դրույթների վերացումն ու  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավումն ու  պարզեցումը կրկին կառավարության ուշադրության կենտրոնում են:

Կառուցապատման  ներդրումային դաշտը նույնպես բարելավվեց, հերթական նախագծով էականորեն հեշտացվեցին գլխավոր հատակագծերի հաստատման, դրանց  առանձին դրույթների հողերի կատեգորիաների փոփոխմանը  վերաբերող գործառույթները: «Հայաստանի 49 քաղաքային համայնքներից գլխավոր հատակագիծ ունեն 43-ը», Հովիկ Աբրահամյանի հարցին ի պատասխան   տեղեկացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ  գյուղական 866 համայնքներից՝ գլխավոր հատակագիծ ունեն մոտ 60-ը: Նախարարը նշեց, որ լուծումներ են փնտրում գյուղական բնակավայերի գլխավոր հատակագծերի հաստատման համար:

Փոխանցելով որդեգրած ռազմավարությունը Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ որոշել են  նախ առանձնացնել պարտադիր  գլխավոր հատակագիծ ունենցող գյուղերը:Դրանք այն բնակավայրերն են լինելու, որոնք պատմական ու ճարպատապետական արժեքներ ունեն, մյուսները՝ մարզային տարածքային հատակագծում կներառեն ու  խնդիրը կլուծվի:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին» օրենքի նախագծինը, որն ընդունելու դեպքում, ըստ հեղինակների, կպաշտպանվեն քաղաքացիների շահերը, կամրապնդվի ազգային արժույթը: Օրինագիծը մերժվեց, քանի որ  առաջարկվող քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր: 2015թ փետրվարի 28-ի տվայլներով, տնտեսությանը տրամադրած վարկերը երկու տրիլիոն հայկական դրամ են, որի արտարժութային վարկերի տեսակարար կշիռը 67 տոկոս է կազմում: Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի արժութային շուկայից ձեռք բերել 2.9 մլրդ ԱՄՆ դոլարը, ինչը կաթվածահար կդարձնի  տնտեսությունն ու  ֆինանսական համակարգը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ, նման իրավիճակում կհայտնվենք, անգամ, եթե  առաջարկվող մեխանիզմը  կիրառվի  վարկերի տասը տոկոսի դեպքում: Այժմ արտարժութային վարկերի տեսակարար կշիռը բանկային ավնադներով է պայմանավորված:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ ու կառավարությանն առաջարկել  ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը հետաձգել մինչև 2017թ: Հակառակ դեպքում,   մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառով մի քանի հարյուր մարդ  կարող է գործազուրկ դառնալ:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ իրենք էլ են առաջարկելու, որ երկու տարով թվայնացման ժամկետը երկարաձգվի: Արդեն նիստից հետո Գագիկ Բեգլարյանը հեռուստատեսային թվայնացման աշխատանքները հաջող գնահատեց:

«Մենք իրականում այսօր աշխատում ենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծի փոփոխությունների վրա, որտեղ դա ներառելու ենք, դրա համար էլ պատգամավորին խնդրեցինք, որպեսզի նա մասնակցի այդ աշխատանքներին և նաև իր առաջարկը կընդգրկվի այդ փոփոխության մեջ: Մոտավորապես 60-70 տոկոս թվայնացումն իրականացրել ենք»:

ՀՀ կառավարությունը որոշեց 2015թ. ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ը՝ շաբաթ օրը:  Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լրացուցիչ քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխնացմամբ, հարցի հետ կապված հասարակության մոտ կան բացարձակապես տարբեր կարծիքներ:  «Հարցն իսկապես պահանջում է ավելի լուրջ ուսումնասիրություն, վարչապետի հանձնարարությամբ՝ պետք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ ուսումնասիրենք խնդիրը, ի հայտ բերելու, թե ինչ պատկեր է տիրում հասարակության շրջանում»,­ -տեղեկացրեց աշխատակազմի ղեկավար -նախարարը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ հունվարի մեկից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ երկրներում շաբաթ օրերը ոչ աշխատանքային են: Վարչապետը նշեց, որ պետք է որոշումը նպաստի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն, իսկ աշխատանքային օրերի փոփոխությունը տնտեսական լարվածության ներկայիս պայմաններում կարող է խաթարել աշխատանքային պրոցեսը: Ամեն դեպքում վարչապետը անհրաժեշտ համարեց շարունակել քննարկումները: Կառավարության նիստին ներկա էր նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Արշակ սրբազանը, ով իր ելույթում, ընդհանուր առմամբ, կողմ արտահայտվեց մեռելոցների օրերը ոչ աշխատանքային թողնելուն:

Back to top button