Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի անունները կընթերցի
Իր հայանպաստ գործունեությամբ հայտնի ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին մի ամբողջ ժամ կտրամադրի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը:
Ինչպես նշում է asbarez.com-ը, կոնգրեսականը կոչ է արել Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց հարազատների անուններն ուղարկել համապատասխան հասցեով, որպեսզի դրանք ևս ներառվեն իր կողմից ընթերցվելիք ցուցակում:
«Մեկ ժամվա ընթացքում ես կկարողանամ ընթերցել Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց միայն փոքր թվի անունները: Իսկ 1.5 մլն-ից ավելի զոհվածների անուններն ամբողջովին ընթերցելու համար կպահանջվեն շաբաթներ: Լիահույս եմ, որ իմ այս քայլով կօգնեմ հանրության ուշադրությունը հրավիրել այս ոճրագործությանը: Մարդիկ, ում անունները ես կընթերցեմ, եղել են որդի, դուստր, մայր ու հայր, տատ ու պապ, մորաքույր ու քեռի. նրանցից ամեն մեկի կյանքն անգին էր»,- ասել է կոնգրեսականը: