Հասարակություն

Արման Նավասարդյան.«Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվի բացասական առումով»

karenghazaryan
Տարածաշրջանային ամենաթեժ իրադարձությունների էպիկենտրոնում լինելը շատ կարեւոր է, սակայն պետք է շատ զգույշ լինել: Նման մտահոգություն է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով իրաքյան Քրդստանում Հայաստանի հյուպատոսություն ունենալու ցանկություններին: Նա կարծում է, որ մեծ Քրդստան ստեղծելու դեմ Թուրքիան կփորձի օգտագործել հայկական գործոնը: Նույն գործոնը կփորձեն օգտագործել նաեւ քրդերն՝ իրենց ծրագրերի համար: Ըստ Արման Նավասարդյանի՝ այստեղ է զգուշավորություն հարկավոր, որովհետեւ եթե մեծ Քրդստան ստեղծվի Դիարբեքիր կենտրոնով, ապա, ըստ վերլուծաբանի, հայկական տարածքային պահանջատիրության հարցն ընդհանրապես կփակվի: Դեսպան Արման Նավասարդյանը խոսել է տարածաշրջանում ընթացող շատ խորքային իրադարձությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վեցյակի քննարկումներին:

 

 

Իրանը շատ է տուժում միջազգային սանկցիաներից, որ կիրառվում է նրա նկատմամբ՝ ատոմային ծրագրերի պատճառով: Վեցյակի ներկայացուցիչները հայտնում են, որ գործընթացում առաջընթաց կա: Եթե ձեռք բերվի համաձայնություն եւ Իրանը հրաժարվի ատոմային միջուկը որպես զենք օգտագործելուց եւ այն օգտագործի միայն խաղաղ նպատակներով, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը՝ ասում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Որքանով դա կհաջողվի՝ դեսպանը դժվարացավ ասել: Արման Նավասարդյանը փոխարենը քաղաքական տեսակետից խոսեց հնարավոր երկու զարգացումների մասին՝ ինչ կլինի, եթե Իրանն ունենա ատոմային զենք եւ ինչ չի լինի, եթե նա չունենա այդ զենքը: Թեհրանի՝ ատոմային զենքի տիրապետելու պարագայում, նույնին կփորձեն հասնել Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան: Այդ դեպքում, ըստ Արման Նավասարդյանի, ամբողջապես կփլվի միջուկային զենքի չտարածման «ռեժիմը»: Դա կունենա շատ լուրջ հետեւանքներ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ, աշխարհաքաղաքական առումով, ամբողջ երկրանգնդի քաղաքական ստրատեգիայի վրա: Դա Արման Նավասարդյանը շատ հավանական տարբերակ է համարում: Եթե Իրանը չստեղծեց ատոմային զենքը, ապա Արեւմուտքը կշարունակի ճնշումները նրա վրա՝ ցանկություն ունենալով այդ երկիրը տեսնել այնպիսին, ինչպիսին Արեւմուտքն է ուզում: Միաժամանակ, նկատելով, որ ԱՄՆ-ն փոխում է իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ Արման Նավասարդյանը եզրակացրեց.

«Ըստ գոյություն ունեցող հաշվարկների եւ մեկնաբանությունների, կարծես թե, նա աստիճանաբար նոր գործընկեր է փնտրում տարածաշրջանում. Թուրքիային, կարծես թե, ուզում է փոխարինել Իրանով»:

Այսպիսով, տարածաշրջանում ընդհանրապես տեղի են ունենում շատ խորքային իրադարձություններ, որոնց ավարտը դժվար է կանխատեսել՝ ասաց վերլուծաբանը: Արման Նավասարդյանը չի կիսում այն տեսակետը, որ ատոմային երկիր դառնալուց հետո Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել բացասական առումով: Ավելին, ըստ նրա, դա Հայաստանին կարող է օգտակար լինել:

Արման Նավասարդյանն անդրադարձավ նաեւ Հայ-Չինական համագործակցությանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը համարելով շատ տեղին, ժամանակին, խոստումնալից եւ հեռանկարային: Այս ուղղությունը, նրա համոզմամբ, միանգամայն կարող է փոխել Հայաստանի եւ տնտեսական, եւ քաղաքական վիճակը: Շատ կարեւոր շանս է, որ պետք է լավ օգտագործել՝ եզրափակեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Back to top button