Ցեղասպանություն 100

Դժվար թե Վրաստանում գտնվի մեկը, ով կհերքի Հայոց Ցեղասպանության փաստը.Սլավա Մեզդոյան

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Հայոց Ցեղասպանության մասին բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան նաև Վրաստանի արխիներում:  Թեև դրանց որոշ մասն ուսումնասիրված է, այդուհանդերձ նյութերի մի մեծ պաշար վերհանելու անհրաժեշտություն  դեռ կա:  «Հայոց Ցեղասպանությունը  1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուն, որը մի քանի տարի առաջ կազմել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ը, կարելի է համարել առաջին ուսումնասիրությունը: Այն ցույց է տալիս վրաց ժողովրդի վերաբերմունքը Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ողբերգությանը:

 

 

Վրացական մամուլը  հայերի Ցեղասպանության հարցը ուշադրություն կենտրոնում է ունեցել դեռ նախապատերազմյան տարվանից:  Հայերի տեղահանություն, աքսորի ճանապարհ, հատուկ ճամբարներ. վրացական թերթերը հիմնականում օբյեկտիվ են  մեկնաբանում. անդրադառնալով փաստին` նաև վերլուծում տեղի ունեցածը:

«հայերի ջարդերը եղել են 1914թ-ից  մինչև 1918 թվականը. և վրացական բոլոր թերթերը  ակտիվորեն գրում են դրա մասին…», -ասում է «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության համահիմնադիր Սլավա Մեզդոյանը:

«Մարդը պետք է նմանվի վայրի կենդանու, որպեսզի փակի աչքերն ու ականջները այն ահավոր դեպքերի վրա, ինչ տեղի էին ունենում:  Իմ գրիչը թույլ է, որպեսզի կարողանա փոխանցել այն ողբն ու սրտի ցավերը, որոնք ես տեսա հուլիսի 11-ին Վանում»,-գրված է վրացական «Սախալխո փուրցելի»  թերթի  1915թ լույս տեսած համարներից  մեկում:

Ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայեր  հաստատվում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Վրաստանում: Վրացական մամուլը անդրադառանում է ապաստանած փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության, գաղթականների կարիքների համար տարբեր երկրների տրամադրած ու հանգանակված գումարները, սննդամթերքը, հագուստը բաշխելու մասին հարցերին:

«Օսմանների երկրում կրկնվեց 1894-1896թթ. հայերի կոտորածը: Բիթլիսում սպանվել և Տիգրիս գետն է նետվել 9000 հայ: 40.000-ը սպանվել է Կիլիկիայում: Որոշ շրջաններում բնակչությունն ամբողջությամբ աքսորվել է անապատները: Դրա պատճառն է Վարազդատի կարծիքով, թուրքերի վախը հայերից, հեղափոխության կասեցման փորձը: Այդ ամենը կատարվում էր ըստ երիտթուրքերի դիվանագիտության: Խալիֆա Գադժի-Գիլեշի, որը մուսուլմանների պաշտպանն էր, երկրորդ հրամանի համաձայն օսմանյան կայսրությունը պետք է զտվեր հայերից»-գրված է «Սաքարթվելո» (10 օգոստոսի, 1915թ «Սաքարթվելո» №65) թերթում:

«Վրաստանի Հայ Համայանք» ՀԿ հեղինակած  «Հայոց Ցեղասպանությունը  1914-1918 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուն  ժամանակագրական կարգով  ներկայացնում է  կարևորագույն տվյալներ.  «սա մի հզոր զենք  է վրացիներին իրենց իսկ մամուլում տպագրված փաստերը ցույց տալու համար,  դրանով խոսել, պայքարել թուրք ադրբեջանական լոբբինգի դեմ»:

Սլավա Մեզդոյանի կարծիքով  դժվար թե Վրաստանում գտնվի մեկը, ով կհերքի Հայոց Ցեղասպանության փաստը. «և միակ պատճառը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ներկայիս հարաբերություններն են»:

«Վրաստանի Հայ Համայնքը» գործող մյուս հայկական կազմակերպությունների հետ այս տարի եվս դիմելու է Վրաստանի իշանություններին` ճանաչել ու դատապարտել  1,5 մլն. հայերի Ցեղասպանությունը:

Back to top button