Հասարակություն

Արվեստի ու տեխնոլոգիայի միավորումը «Թումոյում»

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա տեխնոլոգիաներին և արվեստին վերաբերվող երկու խոշորագույն համաժողով Թումոյի խորհրդի անդամներ Րաֆֆի Գրիգորյանի, Սերժ Թանգյանի և այլ աշխարհահռչակ մասնագետների մասնակցությամբ, հայտնում են «Թումոյից»։

HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովին, որը հովանավորում է Հովնանյան հիմնադրամը, ներկա կլինեն այնպիսի խոսնակներ, ինչպիսիք են Թումոյի խորհրդի անդամ, Twitter-ի նախկին փոխտնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, և ՏՏ ոլորտի այլ նշանավոր մասնագետներ

: Միջոցառումը կմիավորի ճարտարագետների և ծրագրավորողների՝ միտում ունենալով քննարկումների, դասախոսությունների և անձնական հանդիպումների միջոցով կատարել փորձի փոխանակում ոլորտի առաջնորդների և տեղացի մասնագետների միջև:

Միևնույն ժամանակ կանցկացվի նաև Երաժշտական համաժողով System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի գլխավորությամբ: Միջոցառմանը ներկա կգտնվեն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և այլ հայտնի երաժիշտներ:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին: Երաժիշտները կներկայացնեն հայկական հատկանշական կատարումներ, որոնց կհաջորդեն հարց ու պատասխան քննարկումներ:

Երկու համաժողովների մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու միմյանց հետ ընդմիջման ընթացքում՝ խթանելով Թումոյի գաղափարներից մեկը՝ արվեստի և տեխնոլոգիաների հատումը:

Back to top button