Մշակույթ

Մեծ հայրենականի հաղթանակի 70- ամյակին նվիրված ցուցահանդես

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդես է այսօր բացվել ԱԺ- ում։ Բացմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացնում է հայ եւ ռուս նկարիչների տասնհինգ կտավ, որոնք պատմում են պատերազմի, հաղթանակի եւ խաղաղության մասին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով Ազգային ժողովում բացված հերթական ցուցահանդեսի մասին, նշել է, որ այս սրահում հաճախ են լինում ցուցադրություններ, սակայն սա առանձնահատուկ է նրանով, որ նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նա կարեւորել է մշակույթի դերը պատերազմների կանխարգելման եւ խաղաղության հաստատման ու պահպանման գործում: ԱԺ նախագահը նշել է, որ այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, մեր ժողովուրդների հերոսական անցյալի արտացոլանքը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Նեկրասովին եւ Վլադիմիր Ավետիսյանին ցուցահանդեսի կազմակերպման, գեղանկարների տրամադրման համար:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով ցուցահանդեսի մասին, նշել է, որ տպավորված է ներկայցված կտավներով. հաճախ նկարչի վրձինն ավելի խոսուն է, քան բառերը: Պետական դումայի նախագահը կարեւորել է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Հայրենական մեծ պատերազմում եւ իր երախտագիտությունը հայտնել կյանքի ու արյան գնով հայրենիքը պաշտպանած ազգերին եւ հերոսներին: Սերգեյ Նարիշկինը նախապես շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ:

Back to top button