Քաղաքական

Անցել են անհիմն մեղադրանքների եւ վիրավորանքների ժամանակները. Միքայել Մելքումյան

lenabadeyan
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը «փետրվարյան հայտնի իրադարձություններից» հետո վերանայեց ոչ միայն իր հստակ տեղը քաղաքական դաշտում՝ այլընտրանքից վերածվելով ընդդիմության, այլեւ իր գործելաոճը: «Անցել են անհիմն մեղադրանքների եւ վիրավորանքների ժամանակները»,- այսօր հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ոգեւորվելով փաստից, որ վերջին շրջանում կարողացել է ընթացք տալ իր մի շարք օրենսդրական նախաձեռնություններին:

 

Մեկ շաբաթ առաջ՝ Աժ քառօրյայի սկզբին պատգամավորներին բաժանվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն, այն դեռ չի բավարարում Բարգավաճ Հայաստան Կուսակցությանը: Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում էլ պարզվել են որոշ մտավախություններ, իսկ կուսակցության ունեցած դիրքորոշումը փոխելու համար կա հստակ նախապայման, ասում է Բարգավաճ Հայաստան խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Չի բացառվում, որ Աժ ուղարկվի նաեւ երկրորդ տեքստը, որը կլինի կիսանախագահական ձեւաչափով: Արդիական է մնում այն խնդիրը, թե խորհրդարանական մոդելի դեպքում ով պետք է հանդիսանա հանրապետության ներքին եւ արտաքին անվտանգության եւ կայունության երաշխավորը»:

ԲՀԿ-ն հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը չեն փոխելու եւ կվերանայեն գործընթացին իրենց մասնակցությունը, եթե պարզ դառնա՝ փոփոխությունների երկրորդ տարբերակը՝ կիսանախագահականը, ներկայացվելու է, թե ոչ: Այսօր շատ է խոսվում, թե այլընտրանքից հստակ ընդդիմադիր դաշտ անցած ԲՀԿ-ն, փոխել է նաեւ իր աշխատանքի սկզբունքը՝ գործելով վարչապետի հովանու ներքո եւ հրաժարվելով նրան քննադատելուց:

Այս տեսակետը կտրականապես մերժում է ԲՀԿ-ից պատգամավորը՝ նշելով, որ իր վերջին ելույթում խիստ քննադատել է Կենտրոնական Բանկի գործունեությունը: Ասում է. «Մեր նման երկրներում այդ կառույցը լիովին անկախ չի գործում, ուստի քննադատության բաժին ունի նաեւ վարչապետը»:

«Ինչէ նշանակում ղեկավարության կամ հովանու ներքո: Մենք որեւէ հովանավորության կարիք չունենք, հակառակը՝ եթե պետք է մենք կհովանավորենք ուրիշ ուժերի: Ես չեմ ուզում հիմա փակագծերը բացեմ»:

Ըստ պատգամավորի՝ անցել են անհիմն մեղադրանքների եւ վիրավորանքների ժամանակները: Ընդդիմությունը պետք է չհոգնի եւ իր գործողություններում վերջապես հաջողությունների հասնի: Տվյալ դեպքում նկատի ունի օրենսդրական ոլորտը: Պատգամավորն այսօր գոհ է, որ իշխանությունը իր հիմնավորված կարծիքների հետ հաշվի է նստում եւ մի քանի օրենսդրական նախաձեռնությանն ընթացք է տվել: Սրանից էլ ոգեւորված համաձայնել է ներգրավվել Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում:

«Հիմա մեր հանրապետությունում վիճակն այնպիսինն է, որ հերթական անգամ իշխանությունը չէր էլ գնա ձեւական մի կառույց ձեւավորելու, որից սպասելիքները, եթե չարդարանան դա ավելի շատ հարված կհասցնի եւ մինուսներ կբերի իշխանությանը, քան թե ընդհանրապես չստեղծվեր այդպիսի կառույց: Ըստ երեւույթին այդ առումով կա քաղաքական որոշում սայլը տեղից շարժելու»:

Ինչ վերաբերում է մեկ այլ ձեւաչափով՝ խորհրդարանական եռյակի համագործակցության հեռանկարին, ապա պատգամավորն արձագանքում է, որ որեւէ տեղ «նոտարով հաստատված պայմանագիր այդ մասին չեն կնքել»: Ասում է, եթե անհրաժեշտություն առաջանա ինչ որ հարցերի շուրջ համագործակցության, ապա կուսումնասիրեն այդ հնարավորությունը, բայց ընդհանուր առմամբ եռյակի ձեւաչափն արդեն չկա:

Միքայել Մելքումյանն այսօր հրաժարվեց խոսել, թե վերջին անգամ երբ է տեսել կամ հանդիպել Գագիկ Ծառուկյանին: Ասաց, որ անձնական այդ հարաբերությունների հարցը թող չհետաքրքրի:

Back to top button