Քաղաքական

Արտերկրի հույների խորհուրդը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱԺ- ին

Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ անդամներ Ֆոտի Չիտլիդիսը, Վադիմ Անաստասիադին, Սոֆյա Պրոկոպիդուն, Արկադի Խիտարովը, Աննա Խիտարովան, Էդուարդ Պոլատովը եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսն  այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին եւ նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:

Էդուարդ Շարմազանովը , ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. ճանաչելով հույների եւ ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբեւէ իրականացված բոլոր ցեղասպանությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել եւ դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հյուրերը կարեւորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարեւորել են հայ եւ հույն եղբայր ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդումն ու ընդհանուր հարցերում համագործակցության սերտացումը:

Back to top button