Հասարակություն

Վարչապետը եղել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին, գործունեությանը և ձեռքբերումներին:

Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը:

Ներկայացնելով ձեռքբերումները՝ ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ հայաստանյան այս լաբորատորիան վերջերս ստացել է միջազգային ISO 9001-2008 հավատարմագրում, որը տարածաշրջանում առաջինն է: Նշվել է, որ միջազգային հավատարմագրումը հնարավորություն կտա տեղական արտադրողներին արտերկրի փոխարեն տեղում ստանալ արտադրանքի լաբորատոր փորձագիտական եզրակացությունը և որակի հավաստագիրը, ինչն էլ էապես կկրճատի ընկերությունների ծախսերն ու ժամանակը:  Համապատասխան քայլեր են իրականացվել նաև որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ, ամրապնդվել է միջազգային համագործակցությունը:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել և ողջունել է լաբորատորիայի միջազգային հավատարմագրումը և նշել, որ այն հնարավորություն կտա խթանել տեղական որակյալ արտադրանքի արտադրությունը, արտադրանքի վերաբերյալ ստանալ հավաստի տվյալներ, ավելացնել արտահանման ծավալները և ամրապնդել սպառողների շահերի պաշտպանությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է լաբորատորիայի հետագա զարգացումը, որակյալ փորձագիտական գործունեությունը և գործարարների մոտ վստահության պահպանումը:

Լաբորատորիայի ղեկավարության հավաստիացմամբ, միջազգային հավատարմագրման արդյունքում լաբորատորիայի ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում:

Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական և իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ:

Back to top button