Հասարակություն

Կառավարությունը հաստատեց Գյումրու ռուսական ռազմաբազային հողամաս հատկացնելու նախագիծը

hasmikdilanyan

Կառավարության հերթական նիստի օրակարգում այսօր չորս տասնյակից ավելի նախագծեր էին ընդգրկված:  «Դեղերի մասին օրենքում»  առաջարկվող փոփոխություններ, Հայրենական պատերազմի շուրջ 1100  մասնակիցների  պատվովճարի կրկնակի  բարձրացում, ընդորում նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով, սեզոնային զբաղվածության խթանման  միջոցով  գյուղացիական տնտեսության աջակցության ծրագրի առավելագույն ժամեկտի սահմանում ու ոչ միայն:

Ի դեպ, մեկ հարց էլ կառավարության նիստի օրակարգից հանվեց:  31-րդ էր՝  Քննչական կոմիտեի նախագահ Աղվան  Հովսեփյանի ներկայացմամբ:  Նախագծով Քննչական կոմիտեին  պետք է տրանսպորային միջոցներ հատկացվեին: Սակայն, նախագիծը, հանվեց նիստի օրակարգից:  Մեկ այլ նախագծով սակայն, ՀՀ  քննչական կոմիտեի  դեպարտամենտին՝  համապատասխան ստորաբաժանում տեղակայելու նպատակով հատկացվեց ԳԱԱ  օրգանական ու դեղագործական քիմիայի  գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին ամրացված Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող 1597,8 քառ մետր մակերերսով մասնաշենքն ու զբաղեցրած հողամասը:

Հաստատված  մյուս նախագծերի մասին:  Նախ, Հայաստանի՝ ԵՏՄ-ին վերաբերող մի փաստաթղթի անդրադառնանք,   ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը  հաստատվեց:  Փաստաթղթով,  ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման նպատակով մեր երկրին  անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.:

Ռուսական կողմն այդ գումարներով ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցում  և որակավորման բարձրացում: Ռուսական կողմին էլ Հայաստանը հանձնեց  Գյումրու Լալայան փողոցում գտնվող և այժմ մասամբ օգտագործվող 1910թ. կառուցված ռուսական եկեղեցու կիսաքանդ շինության զբաղեցրած տարածքը, ինչպես նաև  հոգևոր մշակութային կենտրոնի կառուցման հողատարածքը:

Շարունակելով թեման մեկ այլ ծրագրի նույնպես անդրադառանք,  սեզոնային զբաղվածության խթանման  միջոցով  գյուղացիական տնտեսության աջակցության ծրագիրը նպատակ ունի նաև ինչ որ կերպ մեղմել  վերջին երկու տարիներին ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացմամբ պայմանավորված առանց աշխատանքի մնացած քաղաքացիների զբաղվածության հարցը: Ծրագրի շրջանակներում վարձու աշխատող հողօգտագործողներին  գործատուն՝ յուրաքանչյուր օրվա համար ոչ թե երկու, այլ՝ երեք հազար դրամ կվճարի: Տարվա ընթացքում կառավարությունը կիրականացնի սեզոնային խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման ծրագիր, այն  կարժենա մեկ մլրդ 125 մլն դրամ:

Գործադիրը հստակեցրեց հին սերնդի ՀԴՄ-ների շահագործման կանոններն ու   ՀԴՄ –երին , ինչպես նաև  դրանց շահագործման համար օտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները: Ըստ հաստատված պահանջների,  ՀԴՄ-ն պետք է ունենա` ֆիսկալային հիշողություն, ծրագրային նշանաբառ մուտքագրելու հնարավորություն, մակնշվածք, հսկիչ հաշվիչների  առնվազն 4 թվով կարգայնություն` հանված ցուցմունքների և մարումների համար, ինդիկատոր` պատասխանատու անձի համար: Նախագիծը ներկայացնող  ֆինանսների փոխանախարար Պավել Սաֆարյանը հիշեցրեց, որ  այս տարվա մարտին  սկզբին  ՀՀ իրականացրել էր արտարժութային  պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխմումը, որի  մուտքը կազմել էր  487 մլն ԱՄՆ դոլար:

Փոխնախարարը  տեղեկացրեց, որ գումարից 40 միլիարդը կտրամադրվի պարտատոմսերից  չստացվող գումարների փոխհատուցմանը, մնացած մասը կուղղվի դեպի  կայունացման ֆոնդ՝ հետագայում ծառայելով  տարբեր ծրագրերի իրականացման համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկ ուներ.«Արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից ստացված միջոցների փոխանակման ժամանակ կիրառված փոխարժեքից ստացված գումարները ծառայեցնել վերոնշյալ նպատակով: Այդ գումարով կմարվի նախորդ տարի վերցրած 700 միլիոն եվրոբոնդի 200 միլիոն արտաքին պարտքը»:

Կառավարության՝ դրամային հատկացումների մասին, գործադիրը  Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի ու Սյունիքի մարզպետարաններին հատկացրեց մեկ միլիարդ 656 միլիոն դրամ: Մարզերում 25 ծրագրեր  կիրականացվեն:  Վայոց ձորի մարզի Նախիջևանին  սահմանակից Խնձորուտ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանի տարածքի հիմնանորոգումն ապահովելու նպատակով կառավարությունը  մոտ 7 մլն դրամ հատկացրեց:  Դրանով իսկ կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հնարավորություն:

2015թ մայիսի 5-11 Երևանում տեղի է ունենալու «Հավասար աշխարհ ունենալը հնարավոր է» խորագիրը կրող  միջազգային համաժողով: Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը համաժողովը կարևորում է հատկապես  Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, երբ  աշխարհի շուրջ 100 երկրների տարբեր ազգերի  300 երիտասարդ  պատվիրակներ  կհամախմբվեն, սա կնպաստի  Ցեղասպանության  փաստի հանրայնացմանը:  Համաժողովի անցակցման համար  մոտ 57 մլն դրամ հատկացվեց:

Երիտասարդական ծրագրերի իրականացման համար  Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությանը մոտ 257 մլն դրամ էր հատկացվել,  ֆինանսների նախարարությունը  գործընկեր գերատեսչությանն  առաջարկել էր կրճատել գումարը, սակայն, վերջինս չէր համաձայնել: Փոխնախարար Արսեն Քարամյանի պարզաբանմամբ, ֆինանսերի կրճատումը  կնշանակի ուղղակի դադարեցնել նախարարության երիտասադրության քաղաքականության բաղադրիչն ընդհանրապես: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, միևնույնն է, չի հասկանում, թե ինչպիսի ծրագրեր չեն իրականցվելու: Քարամյանի ու Սաֆարյանի երկխոսությանը վերջ տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը.«Դե պարոն Սաֆարյան, ում փողն էլ որ կրճատեն, պարզ է, որ դժգոհություն է առաջանալու»:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կառավարությանը  գրություն էր ուղարկել և  առաջարկել  Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին  հատկացնել իր վարձակալած բնակարանը, որը գտնվում է  Գյումրու Անի թաղամասի թիվ 59 շենքում:  Ծառայողական բնակարանը  նվիրաբերվեց փոխմարզպետին: Նախագիծը ներկայացնող պետգույքի կառավարաման վարչության պետ Արման Սահակյանն ընդգծել է.«Անախության տարիներից պարոն Պետրոսյանը ապրել և աշխատել է Շիրակի մարզում, այդ ըթնացքում ապրել  է տարբեր բնակարաններում վարձակալական  հիմունքներով»:

Աշխատաշուկայի պահանջարկը, ինչպես նաև  ազգային  մշակույթի պահպանման ուղղությամբ  իրականցվող քայլերը հաշվի առնելով,  կրթության ու գիտության նախարար Արևմեն Աշոտյանի առաջարկով ընդլայնվեց  միջին ու նախնական կրթության մասնագիտությունների ցանկը, մասնավորապես ՀՀ-ում  կներմուծվեն ազգային նվագարաններ պատրաստող և նորոգող, վեբ դիզայների ու տեխնիկագրոնոմ մասնագիտությունները, վերջինս  կսպասարկի ջերմոցային տնտեսությունները:

Back to top button