Զերծ մնալ հայտարարություններից ու քայլերից, որոնք նպաստում են լարվածության աճին. ԵՄ կոչը՝ ԼՂՀ հակամարտության կողմերին
Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ հայտարարություններից ու քայլերից, որոնք նպաստում են լարվածության աճին և խաթարում են խաղաղ գործընթացը։ Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանին նվիրված կառույցի ամենամյա զեկույցում նշվում է, որ անցյալ տարի լրացել է հրադադարի հաստատման 20-ամյակը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը շարունակում է փակուղում մնալ։
«Միջադեպերի ու զոհերի ֆոնին որոնց թիվն աննախադեպ է 1994 թվականից ի վեր, անվտանգության տեսանկյունից իրավիճակը շարունակում է լուրջ խնդիր մնալ»,- Trend գործակալության փոխանցմամբ, նշված է փաստաթղթում։ Եվրամիությունը զեկույցում նաև ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։