Քաղաքական

Ժողովուրդ-իշխանություն վիհին պետք է վերջ դնել. Ժիրայր Սեֆիլյան

karenghazaryan
Ադրբեջանական դիվերսիաների նպատակը երկրի  վրա հարձակում իրականացնելը չէ, այլ՝ ուղղակիորեն մեր բանակին հարվածելն ու բարոյալքելն է, քանի որ այն երկիրը պաշտպանող միակ կայացած կառույցն է: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարան նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով սահմանային անհանգիստ վիճակին եւ ադրբեջանական հաճախակիացած դիվերսիաներին: Նախկին ազատամարտիկը, սակայն, համոզված է, որ հակառակորդին չի հաջողվի իր նպատակներն իրականացնել: Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսական եւ ներքաղաքական անցուդարձերին՝ ներկայացնելով իր կողմից համակարգվող շարժման նպատակներն ու իրականացնելիք քայլերը:

 

Տարիներ առաջ  ռեժիմը թալանել է անցյալից մեզ մնացածն ու ներկայի հնարավորը եւ արդեն երկար ժամանակ լծվել է այն թալանին, որը մեր ապագան է: Այսպիսի ձեւակերպմամբ Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական իրավիճակին՝ քննադատելով հատկապես բանկային համակարգը, ինչը նրա բնորոշմամբ, վաշխառուական է եւ որից պետք է ձերբազատվել:

«Բանկային, վաշխառուական այս համակարգի վերջը պետք է տրվի, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Այդ ամբողջ համակարգը ծառայում է մի քանի անհատի, որոնք կեղեքելով ժողովրդին՝ տիրապետում են մեծ ունեցվածքների: Նրանք պետք է պատասխան տան: Մենք չենք ասում, որ հարուստներ պետք չեն, պարզապես մարդիկ, ովքեր ունեցվածք են դիզել, պետք է ապացուցեն, որ դրանք ձեռք են բերել հնարավորինս արդար ճանապարհներով»:

Այս ամենը հաշվի առնելով է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը կոչ արել քաղաքացիներին՝ բոյկոտել բանկերը: Նրա այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Սա ընդամենը կոչ է իմ կողմից, բոլոր նրանք, ովքեր կմիանան այդ կոչին, կամավոր հիմունքներով են դա անելու: Մենք հասկանում ենք, թե երբ ենք անում այդ կոչը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս վտանգից հեռու լինեն»:

Այդ քայլը, Սեֆիլյանի պարզաբանմամբ, ավելի շատ մոբոլիզացիոն բնույթ ունի: Մարդիկ պետք է գիտակցեն, որ դրական փոփոխություններ անելու համար իրենք ևս պետք է քայլ անեն՝ ասաց ազատամարտիկը:

Back to top button