Հասարակություն

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 2014 թվականի դեկտեմբերի 11-­ին` ժամը 20:25-­ին, ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ 2014թ. դեկտեմբերի 11-­ին՝ ժամը 20:00­-ի սահմաններում, ՀՀ քաղաքացի Ա.Սվազյանը շենքի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, հարվածի հետեւանքով Արամ Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով՝ նկատի ունենալով, որ վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը վեց օրից ավելի է, բայց ոչ ավելի քան 21 օրից: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-­րդ (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Արաբկիր եւ Քանաքեռ-­Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button