Տնտեսական

Սերմացու վերջին խմբաքանակն ուղարկվեց Շիրակ եւ Արագածոտն

Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում այս տարի Հայաստան ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուի վերջին խմբաքանակն այսօր Մասիսում գտնվող պահեստից ուղարկվեց Շիրակի և Արագածոտնի մարզեր, հայտնում են գյուղատնտեսության նախարարությունից։

Ըստ նախարարության տեղեկատվության՝ 1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանից, եւս 120 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու գնվել է Գյումրիի սելեկցիոն կայանից։

Սերմացուն տրամադրվել է հողօգտագործողներին 2015 թվականի գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու   համար` ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով:

«Սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից  ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, որը  հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով, եգիպտացորենի 1 կգ-ը` 932.5 դրամով, որը  տրամադրվել է 350 դրամով, առվույտը` 2695 դրամով,  տրամադրվել է 1500 դրամով և կորնգանը` 562.9 դրամով,  տրամադրվել է 370 դրամ»,- ասել է գյուղնախարարության Սերմերի գործակալության տնօրեն Վլադիմիր Մանուկյանը: Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Առավելությունը տրվում է  անասնապահությամբ և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության  զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին:

Back to top button