Չիկագոյում բնակվող հայ նկարչուհին՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կտավի հեղինակ
Չիկագոյում բնակվող հայ նկարիչ Ջեքի Ղազարյանը ստեղծել է մոնումենտալ նկար՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին: Նկարի կերտման մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Օսմանյան զորքի կողմից իրականացրած 1915 թվականի հայերի կոտորածը խլեց մինչեւ 1,5 միլիոն մարդու կյանք, աքսորվեցին միլիոնավոր հայեր` սպառնալով ոչնչացնել 3000-ամյա մշակույթը, հարուստ ճարտարապետությունը, գրականությունը, երաժշտությունն ու պարը: 1915 թվականի ողբերգությունը համարվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն,- գրում է Reuters գործակալությունը:
Ջեքի Ղազարյանն իր աշխատանքով փորձել է խթանել ողբերգության ու մշակույթի մասին իրազեկվածությանը։ Վիթխարի չափերով կտավը, որը կրում է Project 1915 անվանումը, կցուցադրվի Չիկագոյի ժամանակակից արվեստի «Մանա» կենտրոնում ապրիլի 17-ից մայիսի 29-ը։
Կտավն իրենից ներկայացնում է կիսաաբստրակտ բնանկար՝ հին հայկական քարտեզների ու եկեղեցական ճարտարապետության գրություններով։ Կտավում առկա են նկարազարդ ձեռագրերի գույներ ու խորհրդանիշներ, նմուշներ՝ Ղազարյանի հայ տատի ասեղնագործ ժանյակներից։
Ղազարյանին ոգեշնչել է Պիկասոյի «Գերնիկան», որը պատկերում է Իսպանիայի հյուսիսային գյուղերից մեկի ռմբակոծությունը քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Այն համեմատելի է Պիկասոյի նկարի չափերի հետ (3.5× 7.9 մետր)։
Նրա խոսքով՝ ինչպես ցանկացած արվեստի գործ, որն անդրադառնում է ցավոտ անցյալին, այն հիշելու, ամոքելու և ավելի լավ աշխարհ ստեղծելու նպատակով հանրությանը կրթելու համար է։
Չիկագոյի ցուցադրությունից հետո նկարը «կշրջագայի» ԱՄՆ-ի ու աշխարհի համալսարաններում ու պատկերասրահներում, որից հետո մշտական «բնակություն կհաստատի» մշակութային հաստատությունում։