ՄշակույթՑեղասպանություն 100

Ժ. Սինուե. Երկրի երեսից բնաջնջվող մի ժողովուրդ, որը դիմակայում է հիշողության կորստով տառապող ազգերին

Հայոց ցասպանության մասին պատմող ֆրանսիացի ճանաչված գրող Ժիլբեր Սինուեի «Երևան» վեպը հրտարակվել է նաեւ հայերեն։ Թարգմանիչը Զարմիկ Սարգսյանն է, վեպի առաջաբանը գրել է Շարլ Ազնավուրը։

«Երբ ձեռնարկում էի «Երևան» վեպը, ամբողջ խորությամբ չէի պատկերացնում ճշմարտությունը, իսկ այն ավելի քան զարհուրելի է. երկրի երեսից բնաջնջվող մի ժողովուրդ, որը դիմակայում է այսպես կոչված «ժողովրդավար» ու նաև  հիշողության կորստով տառապող ազգերին: Խոստովանում եմ` բավական երկար ժամանակ վարանում էի գրիչ վերցնել: Պարզապես չէի համարձակվում: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. որովհետև ազգությամբ հայ չլինելով` ես ինձ մի տեսակ «իրավասու» չէի զգում»,- նախաբանում գրել է հեղինակը՝ Ժիլբեր Սինուեն։

«Ես, որ այդ կոտորածների ժամանակ ոչ մի հարազատ չէի կորցրել, արդյո՞ք իրավունք ունեի անդրադառնալու իմ կարծիքով սուրբ մի թեմայի, որը, ինչում խորապես հավատացած էի ես, պատկանում էր նահատակների սերունդներին: Ի վերջո տեղի ունեցավ  պարզապես ապշեցուցիչ մի իրադարձություն, որն էլ հենց օգնեց ինձ` հաղթահարելու երկմտանքս. 1999-ի դեկտեմբերին Եվրամիության Հելսինկյան գագաթաժողովը պաշտոնապես ճանաչեց Թուրքիայի` ԵՄ անդամության թեկնածությունը: Ընդ որում, Բրյուսելի կողմից առաջադրված պարտադիր պայմանների մեջ (իսկ դրանց թիվը հասնում էր երեսունի) ոչ մի հիշատակություն չկար 1915 թվականի ողբերգության մասին: Բացարձակապես ոչ մի բառ…

Ինձ համար ինչ-որ անվայելուչ, անպարկեշտ բան կար այդ իրողության մեջ, և հենց դա էլ, միախառնվելով հանկարծաբուխ մի պոռթկումի հետ, վերջ տվեց իմ մտատանջությանը. «Երևանը» պիտի´ ծնվեր:

Եվ հիմա, իմ վեպի հայերեն հրատարակության փաստն ինձ համակել է անկեղծ ուրախությամբ, ինչո՞ւ չէ, նաև առանձնակի հպարտությամբ: «Երևանի» թարգմանությամբ ես հանկարծ ինձ զգացի մի ընտանիքի «իրավասու» անդամ: Եվ, չեմ թաքցնում, դա ինձ համար մեծ պատիվ է»,- ասված է վեպի նախաբանում։

Գիրքն ունի խորհրդանշական էջանշան: Այն պատրաստված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պատրաստված վերամշակված թղթով, որի մշակման ժամանակ օգտագործվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկների թերթիկներ:

Ապրիլի 24-ի նախօրեին Ժիլբեր Սինուեն կժամանի Երևան և ներկա կգտնվի իր վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Back to top button