Արմավիրի պոլիկլինիկայի խնդիրները շատ են, ֆինանսները՝ քիչ
Արմավիրի պոլիկլինիկայում ֆյուլորոգրաֆիայի սարքավորումն իր դարն ապրել է, կարելի է ասել շարքից դուրս եկել, սակայն այլընտրանք չունենալու պատճառով միշտ կարգի է բերվում ու դարձյալ դրվում գործածության մեջ: Հաճախակի է անսարքության մատնվում նաև գաստրոսկոպիայի ապարատը և երկրորդն ունենալու անհրաժեշտություն կա: Խնդիրները շատ են, միջոցները՝ քիչ:
Արմավիրի վերանորոգված հիվանդանոցի կողքին անշուք է մնում քաղաքի առողջության առաջնային պահպանության կառույցը, որտեղ հիվանդներն ավելի հաճախ են դիմում հատկապես եղանակի անցումային շրջանում, երբ շատանում է սուր շնչառական հիվանդությունների տեսակն ու թիվը: Այս դեպքում յուրաքանչյուր հիվանդ պետք է ենթարկվի ֆյուլորոգրաֆիայի, սակայն Արմավիրի պոլիկլինկայում գործող միակ սարքավորումը շատ հաճախ է անսարքության մատնվում, քանի որ բավականին հին սարքավորում է: Արմավիր բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը դժվարացավ հիշել սարքավորման գործարկման տարեթիվը, այն տեղադրվել է 1960-ական թվականների վերջերին:
Արդեն հասկանալի է, որ հին սարքավորումը չի կարող ապահովել թոքերի ճիշտ ու մաքուր արտապակերը, որը կարող է սխալ ուղեցույց լինել հիվանդի բուժման համար: Արմավիրի հիվանդանոցում զգացվում է նաև գաստրոսկոպի անհրաժեշտություն, այս սարքավորումը դարձյալ հաճախ է նորոգման անհրաժեշտություն ունենում: Տարբեր գործոնների պատճառով ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների թիվն աճել է, այսինքն այստեղ նույնպես հիվանդները շատ են:
Խնդիրները շատ են, ֆինանսները՝ քիչ, որը գրեթե բոլոր հիվանդանոցներում առաջնային հարցերից մեկն է:
Հիվանդանոցում շատ են հիվանդները, թե մանկական, սրտաբանական, և թե մնացած բաժանմունքներում: Պետպատվերով բուժում ստացողների թվի պակաս չկա, սոցիալական խմբեր ունեցողներին ստացիոնար բուժման համար հերթագրում են:
Իսկ ինչ վերաբերվում է պոլիկլինիկային, ապա շինությունը վերանորգման և նեղ մասնագետ բժիշկների սենյակների կարիք ունի: Պոլիկլինիկայի շենքում որոշակի հատված առանձնացվել է տուբերկուլյոզի ծառայության համար, ինչպես նաև մանկական բաժնի:
Ինչ խոսք, շենքային պայմանները որոշակի ներգործություն ունեն հիվանդի և բժշկի գործունեության համար, սակայն հիվանդի համար ավելի կարևոր է ճիշտ ախտորոշումն ու ճիշտ բուժումը, որի համար անհրաժեշտ են բժշկական այն սարքավորումները, որի պակասն ունի Արմավիրի բժշկական կենտրոնը: