Մշակույթ

Բրիտանական ֆիլմերի ցուցադրություն՝ Արմավիրում

satikisahakyan
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակներում մարտի 20-24- ըԱրմավիր քաղաքի մշակույթի տանը կազմակերպվել է բրիտանական ֆիլմերի ցուցադրություն: Փառատոնը կազմակերպվել և անցկացվել է Բրիտանական խորհրդի և Հայաստանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ: Բրիտանական ֆիլմերը բացի Երևանից ցուցադրվել են Տավուշում և Արարատում: Արմավիրում ցուցադրվելու է 3 ֆիլմ:

 

 

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկը տրվել էր փետրվարի 14-ին տեառնընդառաջի կամ նորապսակների օրհնության օրը և ավարտվեց երջանկության օրը: Արմավիրում ցուցադրված եզրափակիչ ֆիլմը հենց սիրո մասին էր: Հայաստանում արդեն 13-րդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը Հայաստանում բրիտանական դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է բրիտանական ֆիլմերի փառատոն հայ հանդիսատեսին ծանոթացնելով բրիտանական մշակույթին, կինոարվեստի նոր գործերին:

Արմավիրի մշակույթի տանը ցուցադրվեց «Անտեսանելի կինը» ֆիլմը: Բացման խոսքով հանդես եկավ բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: Փառատոնում ընդգրկված էր 7 ֆիլմ, որոնք ցուցադրվել են Երևանում, Արարատում և Տավուշում:

Արմավիրում բրիտանական ֆիլմերի ցուցադրությունը կարևորեց Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը, նշելով, որ համաշխարհային կինոարվեստում բրիտանական կինոն իր ուրույն տեղն ունի: Կինոդիտումն Արմավիրում իրականացվեց մշակույթի տանը, քանի որ Արմավիր քաղաքում չկա կինոյի շենք, թեև նախկինում ունեցել են «Արարատ» կինոթատրոնը: Շենքը սեփականաշնորհումից հետո վերակառուցվել է սուպերմարկետի, իսկ կինոփառատոնների շրջանակներում կազմակերպվող կինոդիտումներն իրականացվում են հարմարեցված վայրերում:

«Ռադիոլուր»-ի հարցին՝ հնարավոր է Արմավիրն ունենա իր կինոյի շենքը, փոխքաղաքապետը պատասխանեց, որ մեկենաս գտնելու դեպքում պատրաստ են հողատարածք հատկացնել, որպեսզի Արմավիրում դարձյալ գործի բնակիչների համար սիրելի ժամանցի վայրերից մեկը՝ լայնէկրան կինոթատրոնը: Փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին ներկայացվել է 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին:

Լսարանին հնարավորություն է տրվել դիտելու բոլոր հնարավոր ժանրերի ֆիլմեր` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սուցիալական խնդիրներ և սեր: Արմավիրի մշակույթի տանը բրիտանական ֆիլմերի ցուցադրությունը կշարունակվի մինչև մարտի 24-ը, ցուցադրելով 3 ֆիլմ հնարավորություն ընձեռելով արմավիրցի կինոսիրող հանդիսատեսին անվճար դիտել սիրելի ժանրի ֆիլմեր:

Back to top button