ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Զիջել՝ նշանակում է դիվերսիաները մոտեցնել Լեռնային Ղարաբաղին. ԵՄ-Հայաստան երեւանյան նիստն ավարտվեց

lusinevasilyan

ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովն այսօր ավարտել ու ամփոփել է հերթական  15-րդ նիստի աշխատանքը:  Դրա ավարտին ընդունված հայտարարության մեջ հանձնաժողովն  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին,  նաև՝  Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հեռանկարին:  Մեր քննարկումներն ավելի պարզորոշ դարձրին այդ հեռանկարը՝ ամփոփելով երկօրյա նիստի արդյունքներն ասել է խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմին:  Վերջինի դիտարկումներից մեկը, ի դեպ, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, բավական թեժ քննարկումների առիթ է տվել:

Զիջել որևէ շրջան՝ նշանակում է դիվերսիաները մոտեցնել Լեռնային Ղարաբաղին. այսպես արձագանքեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանական հանձնաժողովի բրիտանացի համանախագհ, Հարավային Կովկասի  պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղված քայլ կամ որպես բարի կամքի դրսևորում  տարածքային որևէ զիջում անել Ադրբեջանին:

«Ի°նչ է նշանակում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններով: Խոսք չի կարող լինել Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու համար զիջումներ կատարելու,  Լեռնային Ղարաբաղի որևէ շրջան Ադրբեջանին հանձնելու մասին»,- ասաց հայ պատգամավորը։

Ադրբեջանի վարած քաղաքականությունը  զիջումների  շանս չի թողնում և վստահություն չի ներշնչում, որ  դա  կարող է շարունակություն ունենալ հակառակ կողմից, ավելացրեց  Աղվան Վարդանյանը՝ որպես օրինակ նշելով  սահմանային վերջին դիվերսիան:

Ավելի ուշ հանձնաժողովի համանախագահ   Սամվել Ֆարմանյանը հստակեցրեց. պարոն Քարիմը մեջբերել էր Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, եւ նրա հարցադրումը նպատակ ուներ հասկանալ հայկական կողմի  դիրքորոշումը: Ասաց, որ թյուրընկալումը հավանաբար սխալ թարգմանության արդյունք է:

Ադրբեջանի վարքագծի վրա եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց նաև Ալեքսանդր Արզումանյանը: Վերջին մեկ տարվա ընթացքում Բաքուն կտրուկ սրել է իրավիճակը՝ զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտները, ասաց պատգամավորը:

«Բաքուն մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները թե հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, թե վստահության ամրապնդման միջոցների ստեղծման վերաբերյալ՝ վտանգելով Մինսկի խմբի՝ նախորդ տարիների կատարած աշխատանքը», նկատեց Հայաստանի նախկին արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է արդեն ԵՄ- Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստին ապա քննարկումներն ավելի պարզորոշ դարձրին այն օրակարգը, որով կզարգանան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները՝ ամփոփելով երկօրյա նիստի արդյուքներն ասաց խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմին:

Նրա ձևակերմամբ՝ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին ժողովրդավարության, եվրոպական արժեքների զարգացման հարցում:

Հայկական կողմի համանախագահ  Սամվել Ֆարմանյանի ամփոփմամբ՝ մտքերի փոխանակման փուլը Եվրոպայի հետ կարելի է համարել ավարտված ու անցնել կոնկրետ փաստաթղթի մշակմանը:  «Մտքերի փոխանակման  փուլից հետո արդեն պարզ է, թե որ հարցերում և ինչ խորությամբ հանձնառություն կարող է ստանձնել Հայաստանը: Դա հնարավոր է ամրագրվի նաև հայտարարությամբ: Դրան կհաջորդի բանակցային գործընթացը, որի  արդյուքնում կուրվագծվի իրավապայմանգրային նոր հենքը,   որը կստորագրվի Հյաստանի և ԵՄ-ի միջև»:

Back to top button