ՎերլուծականՑեղասպանություն 100

Իրանում նկատվում է Հայոց ցեղասպանության ճանաչման առումով տեղաշարժ

karenghazaryan

Օրերս Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների եւ մշակույթի կազմակերպության միջեւ տեղի է ունեցել կրոնների երկխոսության 6-րդ նիստը, որի ժամանակ ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարության կարեւորության եւ նշանակության մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել են իրանագետ Կարեն Մկրտչյանն ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նրանք համոզված են, որ այդ փաստաթղթում ցեղասպանության դատապարտում ներառելը պատահականություն չէր եւ այն նպաստելու է, որպեսզի հետագայում Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի բարձր մակարդակով ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը։

Համատեղ հայտարարությունն իր էությամբ շատ կարեւոր է, արձանագրեցին իրանագետն ու պատմաբանը: Հայտարարությամբ դատապարտվել է նաեւ Հայոց ցեղասպանությունը: Իրանագետ Կարեն Մկրտչյանի գնահատմամբ՝ ընդունված հայտարարությունը կարեւոր է ե՛ւ իր քաղաքական, ե՛ւ կրոնական, ե՛ւ քաղաքակրթական նշանակությամբ: Դրա դերն առավել ընդգծվում է հատկապես մերձավորարեւելյան  ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում:

«Իհարկե՝ խորհրդարանական մակարդակով դա ճանաչում չէ, բայց զուտ փաստաթղթային իմաստով եւ զուտ դիվանագիտության տեսակետից դա կարեւոր է, իսկապես: Գաղտնիք չէ, որ իրանական կողմը հայտնի դիվանագիտական հմտություններին տիրապետող երկիր է: Այդ տեսակետից ունի հազարամյակների պատմություն եւ փորձ: Բնավ պարտադիր չէ շատ հարցեր ուղղակի ձեւով խորհրդարանում դներ քննարկման, դատապարտեր, որովհետեւ այս երկիրն ունի շատ առանցքային եւ կարեւոր առանձնահատկություններ, եւ  մենք հենց դրանով պիտի ընկալենք ու գիտակցենք այդ փաստաթղթի կարեւորությունը, քանի որ փաստաթղթում այն, ինչ որ ասվում է, ինչ որ նշվում է, դրանք արտացոլում են երկրի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը նաեւ: Դա շատ կարեւոր է տվյալ պահին»:

Իրանագետի խոսքով՝ միաժամանակ պետք է հասկանալ նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու խնդիր կա: Այդուհանդերձ՝ Իրանում նկատվում է Հայոց ցեղասպանության ճանաչման առումով  տեղաշարժ եւ, ըստ իրանագետի, պետք է առաջիկայում ավելի ծանրակշիռ փաստաթղթեր ակնկալել՝ արժեւորելով հիշյալ ընդունված փաստաթուղթը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի գնահատմամբ՝ նույնպես մարտի 4-ին ընդունված փաստաթուղթը կարեւոր է: Նա մասնավորապես ընդգծեց այն հանգամանքը, որ փաստաթուղթն ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ համատեղ:  «Տեղյակ եք, որ Կիլիկյան կաթողիկոսությունը հատկապես վերջերս պահանջատիրական խնդիրներ է ներկայացրել Թուրքիային՝ նաեւ Սիսի կաթողիկոսական ե՛ւ նստավայրի, ե՛ւ հողերի վերադարձի պահանջատիրության շուրջ: Բնականաբար՝ Իրանը չէր գնա ուղղակի պատահական փաստաթուղթ ստորագրելու»:

Պատմաբանի գնահատմամբ՝ փաստաթղթի ստորագրումը նաեւ Իրանի հետ համագործակցության եւ Հայոց ցեղասպանության դատապարտման որոշակի քայլ է, ինչը պետք է ողջունել ու շարունակել աշխատանքը:

 

Back to top button