Հասարակություն

Կերակրող մորը կտրվի օրենսդրական որոշ առավելություններ

aidaavetisyan
Մարտի մեկից ուժի մեջ է մտել  երեխաների կրծքով սնուցման կարգավորման և  մանկական սննդի շրջանառության մասին  օրենքը: Ըստ օրենքի՝  կերակրող մորը կտրվի օրենսդրական որոշ առավելություններ: Օրինակ՝ կրծքով կերակրող աշխատող մոր ընդմիջման ժամը կավելանա, գործատուները  պարտավոր են կերակրող մոր համար աշխատավայրում ստեղծել պայմաններ՝ երեխային անհրաժեշտության դեպքում  աշխատավայրում կերակրելու համար: Իսկ բուժաշխատողներն այս օրենքով ունեն իրենց պարտականություններն ու իրավունքները: Վերջիններս պարտավոր են հղիներին  և երիտասարդ մայրերին տեղեկացնել  կրծքով կերակրման  առավելությունների  և արհեստական կաթով կերակրման  հնարավոր դժվարությունների մասին:

 

Կրծքով սնուցումն օգտակար է և՛ փոքրիկի, և՛ մոր  առողջության համար, իսկ հայրիկների համար գրպանի ծախսերը  խնայող միջոց է:  Շատ մայրեր են հասկանում կրծքով կերակրման  կարևորությունն  ու  այս ճանապարհով էլ սնում փոքրիկներին, սակայն լինում են դեպքեր, երբ  հատկապես նորաթուխ մայրիկները դիմում են ավելի հեշտ տարբերակին՝ կաթնախառնուրդներին, երբ նույնիսկ  դրա անհրաժեշտությունը չկա:

Երևանի Պետական Բժշկական համալսարանի  մանկաբուժության  թիվ մեկ  ամբիոնի  դասախոս  Սուսաննա Հարությունյանը երևույթը կապում է  կրծքով կերակրման ոչ բավարար խրախուսման, թերի տեղեկատվության  հետ: Բարձրացնելով կրծքով կերակրման ցուցանիշները, ըստ մանկաբույժի, կբարձրանա նաև  մանուկների առողջապահական  ցուցանիշն ու կնվազի մահացությունը, մայրերի մոտ էլ  կնվազի հիվանդացության մակարդակը: Այսպիսով՝ կրծքի կերակրումը խրախուսելու համար մարտի մեկից ուժի մեջ է մտել երեխաների  կրծքով սնուցման կարգավորման և  մանկական սննդի շրջանառության մասին միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող  օրենք:

Օրենքում  սահմանված է նաև   կաթնախառնուրդ արտադրող ընկերություններին պատժի ենթարկելու  կետեր: Անթույլատրելի է, որ  այդ ընկերություններն իրենց շահերից բխող տեղեկատվություն տան մայրերին:

Սակայն  այսօր կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները շատ ծննդատներում  տրամադրում են  անվճար կաթնախառնուրդ  և գումարով խրախուսում այն  բժիշկներին, որոնց  ջանքերի շնորհիվ  մայրերն առաջնահերթությունը տալիս են արհեստական կերերին:

Նմանօրինակ բժիշկների և  կաթնախառնուրդ տրամադրող ընկերությունների համար օրենքով սահմանված է պատիժ՝  նույնիսկ մինչև լիցենզիայից զրկում, սակայն դեռևս, ըստ «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահի, չունեն փաստեր, որպեսզի կարողան  կիրառել օրենքը:  Երևանում կա 10 ծննդատուն, որից միայն մեկ երկուսում չեն գովազդվում և  կրծքի կերակրման փոխարինող սնունդ չեն առաջարկում։

Օրենքն ընդունվել է, սակայն անհրաժեշտ են մշակել ենթաօրենսդրական  ակտեր, որոնք թույլ կտան կիրառել  օրենքը, ասում է ԱՆ աշխատակազմի  մոր և մանկան պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ  Նունե Փաշայանը: Որևէ խախտման դեպքի մասին  առողջապահության նախարարությունը դեռևս  որևէ  տեղեկություն չի ստացել:

Քանի որ օրենքը նոր  է կյանքի կոչվել, ապա, ըստ առողջապահության նախարարության  ներկայացուցչի,  անհրաժեշտ է նախևառաջ  տեղեկատվություն տալ  բուժաշխատողներին օրենքի մասին և հետո նոր  պատասխանատվության ենթարկել օրինազանցներին:

Back to top button