Վերլուծական

Հայկական հարցը եւ քրդական պետությունը

karenghazaryan

Արեւմտյան Հայաստանի տարածքում քրդական պետության ստեղծումը խաչվելու է հայկական հարցի լուծման՝ ցեղասպանության հետեւանքների վերացման մեր պատկերացումների հետ: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ այդ պատճառով այսօրվանից պետք է որոշակի հարցեր հստակեցվեն։

Ինչ ընդգրկում կունենա հնարավոր քրդական պետությունը եւ այն կթուլացնի՞, թե՞ կուժեղացնի Հայաստան պետությունը: Քաղաքագետ Արա Պապյանի գնահատմամբ՝ դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ունենալ հենց այսօրվանից: Դա կարեւոր է պետության ռազմավարության տեսանկյունից:

«Մենք տեսնում ենք քրդերի մեծ հավակնությունները ողջ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, հետեւաբար՝ անպայմանորեն մենք պիտի հնչեցնենք, որ այդ տարածքի զգալի մասը Հայաստանապատկան է եւ հստակորեն որոշված է Քրդստանի հյուսիսային սահմանը՝ ամրագրված Սեւրի պայմանագրի 89-րդ հոդվածով: Այն ասում է, որ Քրդստանի հյուսիսային սահմանը, դա Հայաստանի հարավային սահմանն է: Սա Սեւրի պայմանագրի 62-րդ հոդվածն է: Այն սահմանը, որը հետագայում գծեց Վիլսոնը։ Հիմա, անկախ նրանից քրդերը ապրո՞ւմ են, թե՞ ոչ, այո, որպես համայնքային իշխանություն իրենք իրավունքներ ունեն, բայց միջազգային միջպետական հարաբերությունների մեջ դա բան չի փոխում»:

Մյուս կողմից՝ Արա Պապյանը մատնանշեց Թուրքիայի ներսի գործընթացները. քրդացած հայերի՝ դեպի արմատներ վերադարձը: Ըստ քաղաքագետի՝ դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Թուքիան սկսում է գիտակցել, որ քրդական հարցը չի կարող ռազմական ճանապարհով լուծել եւ փորձում է քրդական գործոնին հակակշիռ ստեղծել հայկական գործոնով:

«Մի ժամանակ քաղաքականություն էր տանում հայերին քրդացնելու, թուրքացնելու: Հիմա հակառակ գործընթաց է, այսինքն՝ հակակշիռ է ստեղծում, հետեւաբար՝ հայկական գործոնի ակտիվացում կարելի է կանխատեսել առաջիկայում նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ մենք դա տեսնում ենք»:

Վերլուծաբանը միաժամանակ նկատեց, որ ակնհայտորեն Թուրքիայի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունները գնալով խաթարվում են  ու չի բացառվում, որ Թուրքիան պատժվի: Պատժի գործիքներից, քաղաքագետի խոսքով, քրդական գործոնն է՝  համադրված հայկական գործոնի հետ:

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրենի կարծիքով՝ պետք է ոչ միայն սպասել նման զարգացումների, այլեւ՝ աշխատանքներ տանել քրդերի, քրդական կազմակերպությունների, քրդացած հայերի, ալեւիացած հայերի հետ եթե ոչ պետական, ապա, գոնե, հանրային մակարդակով։

Back to top button