Հասարակություն

Գործազրկության մակարդակը 17.1 տոկոս՝ 2014- ի 3- րդ եռամսյակում

Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում (ըստ  ԱՎԾ տվյալների) կազմել է 17.1 տոկոս: 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ, իսկ պետական համակարգի 162 հազար աշխատակցի աշխատավարձը բարձրացել է միջինը 47 տոկոսով, այսօր նշվել է կառավարությունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2014 թ. հաշվետվության քննարկման ժամանակ։

Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել  է 362.0 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 29.0 տոկոսը) և իրականացվել է 83 ծախսային ծրագիր: Շարունակվել են մանկատների բեռնաթափման, մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման աշխատանքները:

2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է եղել 511346 կենսաթոշակառու և սոցիալական նպաստ ստացող: 2014 թ. հունվարի 1-ից ներդրվել է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ, որի արդյունքում ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը  պետք է նվազի 32000-ով, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ ավելանա մոտ 15 տոկոսով:

2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքով օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրությանը: Գործադրվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը՝ տվյալների բազաները ճշգրտման նպատակով: Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և նախատեսվում է հղիության և ծննդաբերության դեպքում պետական աջակցություն ցուցաբերել նաև չաշխատող շուրջ 30 հազար կնոջ: Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված 134000 ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացել է ամսական միջինը 104130-ը, իսկ եռամսյակային հրատապ օգնություն՝ միջինը 8698 ընտանիք. նպաստի միջին չափը կազմել է 30350 դրամ (01.08.2014 թ. նպաստի բազային մասը բարձրացել է 1000 դրամով):

Back to top button