Հասարակություն

Կապանում բրուցելոզով 17 մարդ է վարակվել. պարզվում է վարակի աղբյուրը

aidaavetisyan

Կապանում գտնվող   սպանդանոցներից մեկի 17  աշխատակից վարակվել է  բրուցելոզով: Նրանցից 14-ն այժմ  բուժվում են Կապանի  բժշկական  կենտրոնում, երկուսը դուրս են գրվել, իսկ  մեկը բուժվում է Երևանում։ Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է  դեռևս երկու շաբաթ առաջ: Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ այդ սպանդանոցի  արտադրանքն արտահանվում է Իրան և չի վաճառվում տեղական շուկայում:

Կապանի բժշկական կենտրոնում  արդեն  երկու շաբաթ է  բուժվում է բրուցելոզով  վարակված 15 հիվանդ,  որոնք աշխատում են  տեղի  «Գյուղարտ» ՓԲԸ- ին  պատկանող  սպանդանոցում։ Ըստ կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանի՝  նոր դեպքեր չեն արձանագրվել, հիվանդների վիճակն էլ  բավարար է։

Կենտրոնում արձանագրված առաջին իսկ դեպքի մասին տեղեկացվել է առողջապահության նախարարությանը, սակայն  անհասկանալիորեն  թե գյուղատնտեսության, թե առողջապահության նախարարությունները չեն բարձրաձայնում  տեղի ունեցածը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ  Բաբկեն  Պիպոյանը առողջապահության նախարարության կողմից մեծ բացթողում է  համարում այն, որ սպնադանոցի մյուս աշխատակիցներ մինչ օրս  ստուգումներ չեն անցել։

Բաբկեն Պիպոյանն ու իր գործընկերները երկու օր առաջ են վերադարձել Կապանից և իրենց հետ բերել  փաստաթղթերի  մի փաթեթ, որի ուսումնասիրություններից  հետո  միայն պարզ կլինի   վարակի աղբյուրը: Իրավապաշտպանները եղել են սպանդանոցում և փաստում են, որ  անասունների մորթը կատարվել է բացառապես պետության կողմից տրամադրված   փաստաթղթերի  հիման վրա: Ուսումնասիրությունները ցույց կտան, թե միայն  ա՞յդ կենդանիներն են  մորթվել,  թե՞ այլ կենդանիներ էլ, ասում է Պիպոյանը։

Նա   այստեղ  նաև գյուղատնտեսության նախարարության թերացումն է տեսնում: Ներդրվել է պատվաստման  պիլոտային ծրագիր, ինչն էլ  թերի է և ոչ արդյունավետ, քանի որ մենք չունենք  համապատասխան լաբորատորիա, որտեղ  կպարզեն՝  կենդանին հիվա՞նդ է, թե՞ պատվաստված, ասում է Պիպոյանը։

Սննդի անվտանգության պետական ծառայությունից մեզ հայտնեցին , որ  այժմ  ուսումնասիրություններ են իրականացվում՝ պարզելու վարակի աղբյուրներն ու պատճառները, քանի որ սպանդանոցը չի աշխատել  2014 թվականի նոյեմբերից։

Back to top button