Միջազգային

Մեկշաբաթյա ընդմիջումից հետո Պուտինը վերջապես հայտնվեց

Վլադիմիր Պուտինն այսօր հայտնվել է տեսախցիկների առաջ ավելի քան մեկշաբաթյա բացակայությունից հետո, որի ընթացքում քննարկվում էին նրա անհետացման բոլոր հավանական և անհավանական վարկածները։

Սանկտ Պետերբուրգում  կայացել է Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահների հանդիպումը, քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Եվրասիական տնտեսակամ միությանը Ղրղզստանի անդամակցության հարցը:

Առաջատար արտասահմանյան լրատվամիջոցների տեսանկյունից ոչ արտառոց այս հանդիպման մասին լուրը գրեթե առանց բացառության աշխարհի բոլոր լրատվամիջոցների գլխագրերում է. Վլադիմիր Պուտինի երկարատև բացակայությունից հետո շրջանառվում էին բազմաթիվ լուրեր` Ռուսաստանի նախագահի հարբուխից, նրա` որդի ունենալուց  մինչև թավշյա հեղափոխությունը:

«Առանց բամբասանքի տխուր կլիներ,- Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնաբանելով իր անհետացման մասին  լուրերը՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Թե որտեղ էր մեկ շաբաթ, նա չի մանրամասնել:

Դե իսկ Պուտինի մամուլի խոնակ Դմիտրի Պեսկովը, ով վերջին օրերին համառորեն հերքում էր «շեֆի» մասին բոլոր լուրերը, այսօր կես կատակ-կես լուրջ ասել է. «Բոլորդ տեսաք անդամալույծ դարձած, գեներալների կողմից պատանդ վերցված նախագահին:Նա հենց նոր ժամանեց Շվեյցարիայից, որտեղ, ինչպես հայտնի է, ծնունդ էր ընդունում»:

Back to top button