Վերլուծական

Եվրաբանակ. Քաղաքական հրավառությո՞ւն, թե՞ իրական գործընթաց

lusinevasilyan

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան  Կլոդ Յունկերի  Եվրամիության ընդհանուր բանակ ստեղծելու մասին հայտարարությունն աղմուկ ու հետաքրքրություն է առաջացրել և հետաքրքիր զարգացումներ է խոստանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա գաղափարի իրականացումն անիրատեսական չի համարում, բայց դրա մեջ նաև խորը մտածված քաղաքական բլեֆի տարրեր է տեսնում:

Գերմանիան պաշտպանում է,  Ֆինլանդիան գաղափարին դրական է արձագանքում, Լեհասատանը մտահոգություններ ունի, Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջում, Անկարան  արձագանքում է կոնկրետ պատրաստակամությամբ՝  Եվրամիությանը միանալու դեպքում Թուրքիան կարող է ընդհանուր բանակին 60 հազար զինծառայող տրամադրել:

Խոսքը  Եվրամիության ընդհանուր բանակ ստեղծելու առաջարկի մասին է, որն օրերս արվեց  Եվրահանձնաժողովի նախագահ  Ժան Կլոդ Յունկերի կողմից:

Եվրոպացի պաշտոնյան նշել էր, որ ընդհանուր բանակը Եվրոպային  կօգնի իրականացնել արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականություն, թույլ կտա  սեփական բանակով արձագանքել Եվրամիության անդամ երկրների դեմ ուղղված սպառնալիքներին։ Եվ վերջապես՝   Եվրամիության բանակն անհրաժեշտ է՝ Ռուսաստանին հասկացնելու, որ Եվրոպան լուրջ է տրամադրված պաշտպանելու եվրոպական արժեքները, ասել էր Յունկերը։

«Ինչու է այս հայտարարությունը հիմա հնչում: Մի հարցում Յունկերը ճիշտ է. Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է, սուվերենությունը շատ ցածր  է և ինքնուրույն որևէ խնդիր չեն կարողանում լուծել»,- ասում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Դիվանագետն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ միասնական ռազմական միավոր ստեղծելու առաջարկը համընկավ  էներգետիկ համակարգ ստեղծելու  հետ: Ըստ դեսպանի՝  եթե այս գաղափարն իրագործվի Եվրոպայում պատկերը կարող է փոխել: Նավասարդյանը չի կասկածում, որ գործընթացի հիմքում, իսկ առաջիկայում նաև գլխավերևում   Գերմանիան է, այս մեխանիզմով Եվրոպայի կառավարիչ դառնալու հավակնությունները նույնպես այս երկրինն են:

 

Ի դեպ՝  Եվրահանձնաժողովի ղեկավարը չէր շրջանցել նաև  Հյուսիսատլանտյան դաշինքի հարցը:  Անդրադառնալով  ՆԱՏՕ-ի գոյության պայմաններում նման բանակ ունենալու անհրաժեշտությանը՝  ասել էթ, թե խոսքը ոչ թե մրցակցության, այլ Եվրոպան ավելի ուժեղ դարձնելու մասին է։

Արման Նավասրդյանը կարծում է, որ նախաձեռնությունը շահավետ է հենց ՆԱՏՕ-ին  հակակշռելու նպատակով: Նա չի կիսում  այն գնահատականները, թե բանակի ստեղծումը  իրատեսական չէ.  իր սպառազինությամբ,  մարդկային, ֆինանսական ռեսուրսներով Եվրոպան ունակ է  հզոր բանակ ստեղծել: Այդ դեպքում, արդյո՞ք այդ բանակը կարող է իրական սպառնալիք դառնալ, օրինակ, Ռուսաստանի համար:

«Ես կասկածում եմ։ Նման բանակ ստեղծելով՝ Եվրոպան կկարողանա Ռուսաստանի ստրատեգիական պոտենցիալի դեմ լուրջ քայլեր ձեռնարկել: Բայց կարող են լինել փոքր խնդիրներ՝ մտնել այս երկիրը, ձևաչաձել այս սահմանը, վերջապես տնտեսական հարցեր կան: Տեղի է ունենում նոր աշխարհակարգի ստեղծում, որտեղ Եվրոպան փորձում է երկրորդական դերից անցնել առաջնայինի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դիրքորոշմանը՝ ապա, ըստ դեսպանի,ԱՄՆ կվարի իր սիրած քաղաքականությունը՝ կփորձի շագանակները հանել կրակից ուրիշի ձեռքով՝ սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստան:

Ի դեպ՝ ընդհանուր բանակ ստեղծելու  առաջարկն առաջին անգամ չէ, որ շրջանառվում է: Առաջարկն այս անգամ պարզապես հնչում է նոր  իրավիճակում: Հերթական  քաղաքական հրավառությո՞ւն էր, թե՞  իրական գործընթացի սկիզբ, Արման Նավասրադյանն առայժմ չգիտի: Ասում է՝ ցույց կտան առաջիկա զարգացումները:

Հավելեմ, որ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակն օրերս  չէր բացառել, որ միավորված եվրոպական  բանակ ստեղծելու հարցը Եվրամիությա՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովի օրակարգ ընդգրկվի:

Back to top button