Քաղաքական

Շիրինյան. Անցումը խորհրդարանական մոդելին խիստ անցանկալի է

lusinevasilyan

Երկրի ժողովրդավարացումը պետության կառավարման ձևի հետ որևէ կապ չունի,  այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է քաղաքագետ  Լևոն Շիրինյանը՝ անդրադառանլով սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Նա կրկնել է իր այն մոտեցումը, թե անցումը կառավարման խորհրդարանական մոդելին  Հայաստանի համար խիստ  անցանկալի է։

Ի դեպ՝ քաղաքագետին հուսադրել է հանրապետության նախագահի երեկվա ելույթը մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանի դիտարկումներից Շիրինյանը հասկացել է, որ մոդելի փոփոխության հարցում նախագահն առնվազն համոզված չէ:

Երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հանրապետության նախագահի ելույթում ուշագրավ էին հատկապես կառավարման համակարգի փոփոխությանը վերաբերող դիտարկումները: Սերժ Սարգսյանը նկատեց, որ չնայած  խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են, բայց առայժմ լիարժեքորեն համոզիչ չեն:

«Կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել,-  երեկ ասել էր հանրապետության նախագահը  և հավելել, որ դեռ ունի  մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ մասնագիտական մոտեցումների  հետ: -Ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»։

Նախագահի հենց այս դիտարկումը քաղաքագետ Լևոն Շիրինյանին հուսադրում է. նա կարծում է, որ իշխանությունների դիրքորոշումը հստակեցվել է և նրանք  այնուամենայնիվ եկել են այն համոզման, որ լավագույն լուծումը առկա մոդելի կատարելագործումն է և ոչ թե անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: «Նախագահը երեկ հստակ հայտարարեց, որ լուրջ կասկածներ ունի, ասաց, որ առկա մոդելն ավելի արդյունավետ է համարում»:

Մեր դիտարկմանը, թե երեկ «Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը վստահեցրել է, որ Հանրապետականը քննարկումների արդյուքնում  եկել է այն համոզման, որ  անցումը խորհրդարանական մոդելին, այդուհանդերձ, լավագույն լուծումն է, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Որ նախագահը թեքվել է, դա իմ արձանագրումն է: Եթե համաձայն չեք, մնացեք ձեր կարծիքին, բայց ես նաև Հանրապետականին եմ հուշում, որ նախագահը թեքվել է»:

Լևոն Շիրինյանը համոզված է, որ երկրի ժողովրդավարացումը պետության կառավարման մոդելի հետ որևէ կապ չունի: Թե նախագահական, թե պառլամենտական, թե կիսանախագահական մոդելներից ամեն մեկն ունի առավելություններ ու  թերություններ, իսկ աշխարհում բոլոր մոդելների հաջողված օրինակներ կան:

Խնդիրը, ըստ վերլուծաբանի,  ոչ թե կառավարման մոդելի մեջ է, այլ՝ քաղաքական կուսակցությունների, իշխանության ղեկին գտնվողների մոտեցումների մեջ: Շիրինյանն առանցքային է համարում իշխանության թևերի  հավասարակշռումն ու իրական տարանջատումը, կարծում է, որ գերխնդիրը դատական համակարգի անկախացումն է: « Հանձնաժողովը հայ ժողովրդին պետք է ասի. եթե դա չի ապահովվելու, ուրեմն ամեն ինչ սուտ է: Մեխը դատական համակարգն է՝ անկախ և ուժեղ դատարանները»։

Խորհրդարանական հանրապետությունը պահանջում է  կայացած կուսակցական համակարգ: Որ այն Հյաստռանում առայժմ չկա, Շիրինյանի կարծիքով, ապացուցում է նաև ԲՀԿ-ի օրինակը: « Տեսաք չէ՞, ոնց են փախչում ԲՀԿ-ից: Ամեն մեկն իր հիմնավորումն է բերում: Հետո էլ որ ճգնաժամ լինի, էդ մարդիկ նորից փախչեն, աթոռ փոխեն, ո՞վ է կառավարելու երկիրը, ո՞ր վարչապետը: Չզարգացած կուսակցական համակարգով երկրներում խորհրդարանական հանրապետության գնալը անվտանգության հարց է»,- կարծում է քաղաքագետը։

Back to top button