ԿարևորՔաղաքական

Ինչու Հայաստանը պետք է անդամակցեր ԵՏՄ- ին. Վաշինգոտնում բացատրել է Տիգրան Սարգսյանը

Հայաստանը, ինչպես որևէ այլ սահմանափակ շուկա և ռեսուրսներ ունեցող երկիր, չի կարող միայնակ, առանց որևէ ինտեգրացիոն միությանն անդամակցելու, հաջողության հասնել կենսունակ և կայուն զարգացում ունեցող տնտեսություն ձևավորելու գործում, ուստի բնական էր, որ Հայաստանը պետք է ձգտեր տնտեսական ինտեգրմանը, ընդ որում այնպիսի կազմավորման հետ, որի անդամների հետ արդեն իսկ ունի սերտ տնտեսական կապեր և համագործակցության հարուստ ավանդույթ։ Այդպիսի կառույցի հատկանիշներին լիովին համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությունը,  հայտարարել է ԱՄՆ- ում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝  Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ»- ում կայացած  «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը և հետագա քայլերը» խորագրով քննարկման ժամանակ։

Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տալիս մուտք գործել 170 մլն բնակչություն ունեցող շուկա, ուր Հայաստանի ապրանքները ճանաչելի և մրցունակ են: Այն նաև էժան հումք ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում, ինչպես նաև լայն ասպարեզ բացում ներդրումների ներգրավման և աշխատանքային ուժի ազատ տեղաշարժի համար: Որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնարար շարժառիթ` դեսպանը նաև հիշատակեց այդ կազմակերպության անդամների հետ անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, գտնվելու կարևոր հանգամանքը:

Դեսպան Սարգսյանը կարևորեց նաև ԵՄ հետ համագործակցության շարունակականության պահպանումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևաչափի հաստատման հարցում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ ԵՄ հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ԵՏՄ անդամ երկրների տնտեսական արդիականացման և տնտեսության բազմազանեցման համար, իսկ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հարուստ փորձը կարող է այդ առումով բավականին օգտակար լինել:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանն իր ելույթում անդրադարձավ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության տնտեսագիտական հիմնավորմանը: Համեմատական վերլուծություն կատարելով` նա թվային ցուցանիշներով ներկայացրեց ԵՏՄ անդամակցության դրական անդրադարձը Հայաստանի տնտեսական աճի վրա: Ընդհանուր ակնարկ կատարելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ինտեգրացիոն կազմավորումների վերաբերյալ` նա անդրադարձավ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարներին:

Back to top button