Հասարակություն

«Ակտիվ պահանջ» նախաձեռնություն. Արմավիրում վախի մթնոլորտ է զգացվում

satikisahakyan

Մարտի 15-ին Արմավիրի մարզի  Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր գյուղերում, ինչպես նաև Արմավիր քաղաքում  սպասվում են համայնքի ղեկավարի,  իսկ Ջրաշենում ավագանու անդամների ընտրություններ:  ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ «Մեդիա» կենտրոնը Արմավիրի զարգացման կենտրոնի հետ  կազմակերպել էր քննարկում՝ «Նախընտրական իրավիճակի գնահատում» թեմայով: Բանախոսները հիմնական շեշտը դրել էին Արմավիրի քաղաքապետի ընտրությունների վրա, որտեղ գործող քաղաքապետը ընտրություններում մրցակից  չունի:

Առաջին անգամ Արմավիրի քաղաքապետի ընտրությունն անցկացվելու է մեկ թեկնածուով: Միակ թեկնածուն գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է: Քաղաքապետի ընտրությունները միշտ էլ Արմավիրում անցել են լարված ու թեժ մթնոլորտում՝ ունենալով մի քանի մրցակիցներ: Այս անգամ նույնպես թեկնածուները շատ էին, ինքնաառաջադրվել ու գրանցվել էր վեց թեկնածու, որից 4-ը ՀՀԿ անդամ, սակայն գրանցումից հետո 5-ը ինքնաբացարկ հայտնեց՝ բոլորին անհայտ պատճառներով:

ՀՅԴ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արամայիս Մխիթարյանը նշեց, որ իրենք չեն ցանկացել մասնակցել օլիմպիական սկզբունքով՝ միայն մասնակցելու համար, այլ պետք է հնարավորություն ունենան հաղթելու:

Թեկնածու չուներ նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Մարգարյանը նշեց, որ իրենք չտեսան այն մարդուն, ով կարող էր քաղաքում իրական լիդեր լինել և հեղինակություն վայելել, ուստի չունեն իրենց թեկնածուն:

Բանախոսների ուշադրությունը գրավեց  այն. որ ՀՀԿ-ն  չի պաշտպանում իր կուսակցությունից որևէ թեկնածուի, իսկ արդյունքում նրանք  ինքնաբացարկ հայտնեցին և մնաց միայն ՀՀԿ գործող քաղաքապետը:

Արդյո՞ք ճնշումներ եղել են մնացած թեկնածուների վրա, հարցին ՀՀԿ Արմավիրի շրջանային խորհրդի նախագահ Փառանձեմ Կարապետյանը նշեց, որ դաշտը բաց էր և քաղաքացիներին հնարավորություն են տվել  ինքնաառաջադրվելու, իսկ   որևէ մեկի վրա ճնշում չի գործադրվել:

Փառանձեմ Կարապետյանը խոսեց  ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման մասին, որին հետևում են ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների այլ կուսակցությունների անդամները, տարբեր հասարակական կազմակերպությունների դիտորդները։

«Ակտիվ պահանջ» նախաձեռնության ղեկավար Տիգրան Բալայանը նախաձեռնող խմբի հետ սոցիոլոգիական հարցումներ են անցկացրել Արմավիրի քաղաքապետի ընտրություններից առաջ և եկել են այն եզրակացության, որ քաղաքում վախի մթնոլորտ կա:

Արմավիրի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուին քվեարկելու են կողմ կամ դեմ:  Բանախոսներն առաջարկեցին ընտրողներին ցուցաբերել ակտիվություն, մասնակցել ընտրություններին և քվեարկել: Ըստ Արամայիս Մխիթարյանի՝ դեմ քվեն նույնպես վերաբերմունքի դրսևորում է:

Արմավիրի զարգացման կենտրոնը միավորելով մի քանի հասարակական կազմակերպությունների ուժերը, դիտորդական առաքելություն է իրականացնելու Արմավիրի և Կոտայքի  մարզի  ՏԻՄ ընտրություններին:

Back to top button