Հասարակություն

Բացառել քրեական տարրերի՝ որպես այլընտրանքային ուժային կենտրոնի ձեւավորումը

karenghazaryan

Վերջին օրերի քրեական անցուդարձին են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել Հելսինկյան կոմիտեի Հայաստանի գրասենկյակի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

«Ես չեմ կարող միանշանակ ասել, որ վերջին շրջանում հանցագործությունների բումը խոսում է, թե Հայաստանը գնում է այսպիսի ճանապարհով»,- ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով՝ հանցագործություն ծնող պատճառները տարբեր են. Օրինակ՝ աղքատության ավելացումը կարող է բերել հանցագործությունների ավելացման:

Ազատ Արշակյանն իր խոսքում շեշտել է, թե պետք է բացառել քրեական տարրերի՝ որպես այլընտրանքային ուժային կենտրոնի ձեւավորումը: Ըստ նրա, սակայն, վերջին շրջանի երեւույթները դրսից են հրահրված՝ ինչ-ինչ ուժերի կողմից՝ Հայաստանի ներքին գործերին խառնվելու համար։

Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հռետորական հարց հնչեցրեց, թե արդյո՞ք վերջին շրջանի հանցագործությունների բումը կապված չէր ներքաղաքական իրավիճակում ինչ-որ քաղաքական ուժերի թուլացմամբ: Իրավապաշտպանը նշեց, թե բազմիցս որպես դիտորդ հետեւել է ընտրական գործընթացների եւ արձանագրել մեկ բան՝ ընտրություններն անցնում են քրեական հեղինակությունների անմիջական ազդեցությամբ։ «Տեսնում ես, որ ամբողջ ընտրություններում շատ մեծ թափով աշխատում են տարբեր քրեական տարրերը՝ տարբեր խմբերի համար»:

Ավետիք Իշխանյանը մի շարք հարցեր առաջ քաշեց՝ բխեցնելով, որ եթե ոստիկանությունը չզլանա եւ տեղյակ լինի, թե ինչպես են շնչում քրեական տարրերը, ապա, նրա խոսքերով, շատ «ռազբորկաներ» պարզապես տեղի չեն ունենա:

Անդրադառնալով Գյումրիի վերջին դեպքերին՝ Իշխանյանը նշեց, որ գնահատական չի ցանկանում տալ, ապա հավելեց, թե՝  «հանկարծ պարզվում է, որ Գյումրիում ինչ-որ քրեական տարրեր դեմ են Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գծին: Ես չեմ հասկանում՝ ինչպիսի երկրում ենք մենք ապրում: Արդյո՞ք քրեական տարրերը քաղաքականապես այդքան հասուն են»,- հերթական հռետորական հարցադրումն առաջ քաշեց Ավետիք Իշխանյանը:

Քաղաքական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իրենից բացի որեւէ մեկը ուժ չկարողանա կիրառել:  Դրանում պետությունը, նաեւ՝ իշխանությունը, շահագրգռված չէ, համոզմունք հայտնեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե  իշխանությունը կարող է այլընտրանքային եւ իրեն մրցակից ուժեր աճեցնել:

Ազատ Արշակյանը, սակայն, մեկ այլ հարցում համաձայն էր Ավետիք Իշխանյանի տեսակետի հետ: Այն է, որ ինչ-որ  ուժերի միջեւ պայքար կա. մրցակցում են միմյանց հետ, ինչը ազդեցության մրցակցություն է, որի դրսեւորումներն էլ տեսնում ենք վերջին շրջանում:

Ազատ Արշակյանի խոսքով՝ դրանք դրսից հրահրվող երեւույթներ են՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար: Դրանց լիկվիդացնելու գործում անհրաժեշտ է, որ ուժեղ լինի պետությունը, եզրափակեց Ազատ Արշակյանը:

 

Back to top button