Հասարակություն

Մտավորականները կարող են մասնակցել «ժողովրդական դիվանագիտությանը»

lenabadeyan

Հայ մտավորականության խորհուրդը որոշել է մասնակից դառնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին «ժողովրդական դիվանագիտության» միջոցով: Ենթադրում են, որ կկազմակերպեն երկկողմ տարբեր հանդիպումներ։ Որտեղ՝ դեռ չեն պատկերացնում, որպես առաջին ծրագիր առայժմ քննարկում են որդեկորույս մայրերի հետ հնարավոր հանդիպման կազմակերպումը:

Այս նոր նախաձեռնության կազմակերպիչները, իհարկե, հիշում են. տարիների ընթացքում եղել են ժողովրդական դիվանագիտության ինչպես անհաջող, այնպես էլ հաջողված փորձեր: Հաջողվածից, օրինակ՝ հիշում են 1994 թվականը, երբ Սան Ֆրանցիսկոյում կազմակերպվեց հայ եւ ադրբեջանցի մտավորականների հանդիպումը: Հենց այդ հանդիպումից հետո «ծնվեց» Ադրբեջանում այժմ հալածվող Աքրամ Այլիսլի գրողը եւ իր հայտնի «Քարե երազաներ» գիրքը:

Հայաստանն ու հայերը նման բարեկամներ ունեն նաեւ Թուրքիայում, որոնց ձայնը լսելի է ողջ աշխարհում, ասում են մտավորականները՝ նշելով, որ այդ գործոնը պետք է անպայման օգտագործվի:

« Չի կարելի անվերջ միայն թվաբանությամբ զբաղվել, թե մեզ մոտ զինվորները քիչ են զոհվել, ադրբեջանցիների մոտ՝ շատ: Էլի նորից շարունակում ենք 100-ամյա պատերա՞զմ ապրել, եւ մոր ժողովրդի բոլոր ռեսուրսները միայն դրա վրա ծախսել»,- ասում է մանկավարժության պրոֆեսոր Բաբկեն Վարդանյանը։

Պատմությունից մեկ այլ օրինակ է բերում գրող հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը՝ միաժամանակ հստակեցբելով. ոչ ադրբեջանցիների, ոչ էլ թուրքերի հետ բարեկամանալու մասին խոսք չկա, դա հնարավոր չէ, պարզապես հանուն նորմալ կյանքի անհրաժեշտ է երկխոսության գնալ:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ո՞վ կարող էր մտածել, որ խորհրդային ժողովուրդները լեզու գտնեն գերմանացիների հետ: Ես պատրաստ եմ գնալ թուրքի հետ մարդավարի խոսել, բարոյապես պետք է ճնշել նրան»,- ասում է Սիմոնյանը:

Հայ մտավորականության խորհուրդի ղեկավար, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը հատուկ ընդգծում է, որ ժողովրդական դիվանագիտությամբ չպետք է զբաղվեն պատահական հասարակական կազմակերպությունները, որոնց նպատակը ոչ թե իմաստն է, այլ՝ դրմաշնորհը:

«Մեր տեսակետը համընկնում է Հայոց պետության, մեր իշխանության տեսակետին: Հայաստանի համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ ատելությունը քաղաքական նպատակ չէ: Նույնիսկ այսօր Հայաստանում ադրբեջանցիներ կան ապրող, մի բան, որ Բաքվում բացառված է: Ուրեմն մենք կարող ենք ժողովրդական դիվանագիտության միջոցները գործադրել, որի արդյունքը լինելու է խաղաղության համընդհանուր հաստատման փորձը»։

Մտավորականները հույս ունեն, որ այս հայտարարություններից հետո արտգործնախարարությունը կարձագանքի, կկանչի, կզրուցեն իրենց հետ: Հայտարարում են, որ ինքնագլուխ ոչինչի չեն անելու, պատրաստ են երկխոսության։ Ծրագրերը ներկայացնելու են ՀՀ նախագահին եւ արտաքին գործերի նախարարությանը:

 

Back to top button