Քաղաքական

Սկսվեց ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Քուվեյթ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: ԷլՔուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր ԱլլՄուբարաք ԱլլՀամադ Ալ Սաբահը:

Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Քուվեյթի էմիրին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:  Քուվեյթի էմիրն իր հերթին ևս փոխադարձ ջերմ ողջույններ է հղել Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել հրավերի համար:

Վարչապետը նշել է, որ իր պաշտոնական այցը Քուվեյթ վկայում է երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացման Հայաստանի  նպատակադրվածության մասին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իր այցը ևս նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար:

Քուվեյթի էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը, ողջունելով և կարևորելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Քուվեյթ, նշել է, որ այն կնպաստի հայ¬քուվեյթյան բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Քուվեյթի էմիրի խոսքով, իր երկիրը պատրաստակամ է քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կծառայեն երկու երկրների և ժողովուրդների շահերին, զարգացնել և ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար: Էմիրը նշել է, որ չկա որևէ խոչընդոտ այդ նպատակներին հասնելու համար:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ վարչապետը և Քուվեյթի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:  Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Քուվեյթի հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Back to top button