Հասարակություն

Անվճար բուժօգնություն՝ Հայոց ցեղասպանության ականատես- վերապրողներին

Հայաստանի տարածքում բնակվող 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին բժշկական  օգնության և սպասարկման հարցում աջակցելու նպատակով ձևավորվել հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած բժշկական խումբը մարտի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության  երևանաբնակ ականատես-վերապրողներին:

Կատարվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ մասնավորապես`  ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան  ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն:

Հետազոտությունների արդյունքների հիման վրա ականատես-վերապրողների բժշկական անձնագրեր կստեղծվեն: Բժշկական օգնության կարիք ունեցողները  Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»   բժշկական, իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների, խորհրդականների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից Երևանում և մարզերում վերոնշյալ  սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ շարունակական բժշկական օգնություն, կկազմակերպվեն մասնագետների համայցեր:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ականատեսներ-վերապրողների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը  Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր  դեռ 2014թ.:

Առողջապատության նախարարությունից հայտնում են, որ 2015թ. փետրվարի սկզբին  նախարարության աջակցությամբ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող, 102-ամյա  Սիլվարդ Ատաջյանի  ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է  պետական պատվերի շրջանակում: Հանձնաժողովային կարգով որոշում էր  կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը։

Սոցիալական պատասխանատվության բարձրացմանը միտված այս նախաձեռությունը շարունակական կլինի և առաջիկայում կստեղծվի նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին անհրաժեշտ բժշկական օգնություն  և սպասարկում ցուցաբերելու հանձնաժողով:

 

Back to top button