Հասարակություն

Այսօր սպասվում է մինչեւ 18 աստիճան տաքություն

Այսօր Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ Երևանում կլինի մինչև 18 աստիճան տաքություն, ինչը իրականանալու դեպքում 0,2 աստիճանով կգերազանցվի Երևանի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալների համար ռեկորդային 17,8 աստիճանը, որը գրանցվել է 1981թ.-ին:

Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Երեկվա համար, հիշեցնենք, կանխատեսվում էր +19 աստիճան՝ 1999 թվականի մարտի 10-ի համար ռեկորդային +20-ից մեկով պակաս: Սակայն երեկվա ընթացքում գրանցված ջերմաստիճանը, ըստ Հիդրոմետ ծառայության, +15-ը չի գերազանցել: 2014-2015 թվականների ձմեռը ռեկորդային հակումներ ուներ: Նախ՝ օդերևութաբաններն արձանագրեցին, որ 1966 թվականից հետո Հայաստանում սա ամենատաք ձմեռն է: Նախորդ տարվա դեկտեմբեր ամիսը համարվեց ռեկորդային տաք: Այս տարի գրանցվեց Հայաստանի պատմության մեջ ամենատաք փետրվարի 3-ը, որը 1987թ. ռեկորդային փետրվարի 3-ին գերազանցեց միանգամից 4 աստիճանով՝ գրանցելով +16 աստիճան:

Back to top button