Քաղաքական

‎Հայաստանի‬ արտգործնախարարը հանդիպել է Սլովենիայի‬ խորհրդարանի նախագահին

Մարտի 10-ին Լյուբլյանայում գտնվող Էդվարդ Նալբանդյանն այցելել է Սլովենիայի Ազգային ժողով, ուր հանդիպել է խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին։

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս առումով կարեւորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ստեղծումը։

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սլովենիայի պատվիրակությունների միջեւ փոխգործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը և ընդգծել դրանց աջակցելու կարևորությունը։

Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուբլյանա այցելության օրակարգում էր Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպումը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Սլովենիա՝ Յանեշ Լենարչիչը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանն առանձին հարցազրույցներ է տվել սլովենական հեղինակավոր «Delo» և «Dnevnik» թերթերին։

Back to top button