Հասարակություն

Ավետիսյանների հարազատները կարևորել են գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության անհրաժեշտությունը

Ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները, որոնք գործով տուժողների իրավահաջորդներն են, այսօր ՀՀ հանրային խորհրդում հանդիպել են խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանի հետ:
Ավետիսյանների հարազատները Հանրային խորհրդում ներկայացրել են այսօր ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման մանրամասները, բարձրացրել իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները:
Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ոչ միայն տուժողների իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները, քրեական գործով քննչական խմբի քննիչներն, այլև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը, քննարկվել են նախաքննությանը վերաբերող հարցեր, պարզաբանումներ են տրվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, նախաքննություն գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրվել քննության ընթացքի մասին։
Հանրային խորհրդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորվել է գործի նախաքննության վերաբերյալ հանրությանը՝ մասնավորապես տուժողների իրավահաջորդներին ու նրանց ներկայացուցիչներին հնարավորինս լայն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը:
Ավետիսյանների հարազատները նույնպես կարևորել են գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության անհրաժեշտությունը՝ նշելով, որ ցանկացած անպատասխան հարց նոր հարցադրումներ է առաջ բերում:
Հանրային խորհրդի նախագահն Ավետիսյանների հարազատներին առաջարկել է պարբերաբար հանդիպել և քննարկել առկա իրավիճակը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում օգտակար լինել, որպեսզի նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները հնարավորինս փարատվեն:
Back to top button