Միջազգային

Ջորջ Քլունին միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

«Հայկական Սփյուռքի առաջնորդները, պատրաստվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սկսել են համագործակցել հոլիվուդյան աստղերի և մարդու իրավունքների պաշտպանների հետ ` հիմնադրելով մի մրցանակ, որ շնորհվելու է այն անձանց, ովքեր վտանգելով իրենց կայնքը հանուն մյուսների փրկության»,- գրում է ամերիկյան New York Times  պարբերականը։

«Մարդասիրական այս մրցանակի ստեղծումը պաշտոնապես կազդարարվի այսօր` Նյու Յորքում: Այս քայլը հայտնի հայերի կողմից ձեռնարկվող ծավալուն ջանքերի մի մասն է: Դրա նպատակը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված և մինչ օրս Թուրքիայի կառավարության կողմից ժխտվող Հայոց ցեղասպանության փաստագրումն ու արխիվացումն է` 1915 թվականի իրադարձությունները վերապրած մարդկանց և նրանց փրկիչների պատմությունների միջոցով. այնպես, ինչպես դա արվել է Հոլոքոսթի դեպքում»,- գրում է New York Times-ը:

2016-ի ապրիլի 24-ին հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը` Ջորջ Քլունին, Երևանում կմասնակցի նորաստեղծ «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը, գրում է New York Times-ը` հավելելով, որ այս մրցանակը հիմնադրվել է մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով:

Ի դեպ, Ջորջ Քլունին այս մրցանակաբաշխության ստեղծման գործում ընդգրկված միակ հոլիվուդյան աստղը չէ: «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադրման հարցում Ռուբեն Վարդանյանին աջակցել է Not On Our Watch անվանումը կրող ամերիկյան մարդասիրական կազմակերպությունը, որի խորհրդի անդամներն են այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը և Դոն Չիդլը: Այս կազմակերպությունը վերջին տարիներին ակտիվորեն էր զբաղված Աֆրիկայում, մասնավորաբար, Դարֆուրում արձանագրված զանգվածային սպանությունների փաստերը վեր հանելով:

Back to top button