Քաղծառայության խորհրդի նախագահը դժգոհ է քաղծառայողների որակից
Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը շարունակում է դժգոհել կրտսեր քաղծառայողների աշխատանքի որակից եւ նրանց գիտելիքներից: Նույնիսկ բարեփոխումներ են մեկնարկել՝ ոլորտում իրավիճակը շտկելու համար:
«Քաղծառայության մասին օրենքում» արդեն փոփոխություններ են արվել, որոնց մի մասը սկսել է արդեն գործել այս տարվա հունվարից, մյուս մասն էլ կսկսի գործել 2017 թվականից: Ի դեպ՝ կան պաշտոնյաներ, ովքեր արդեն զրկվել են զբաղեցրած պաշտոններից փոփոխված կարգի պատճառով:
Սյունիքի, Կոտայքի մարզերից եւ ինչ որ նախարարության վարչության պետերի հետ այս տարվա հունվարին արդեն խզվել է աշխատանքային պայմանագիրը՝ ատեստավորում չանցնելու պատճառով: Ընդ որում՝ նոր կարգի համաձայն՝ այդ պաշտոնյաներին որոշ ժամանակով արգելվում է զբաղեցնել նմանատիպ պաշտոն: Սա նոր փոփոխությունների դրական հետեւանքներից մեկն է, ասում է Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Բարեփոխումների հիմնական մասը գործի է դրվելու 2017 թվականից: Ոլորտի պատասխանատուները զգացել են, որ ատեստավորման համակարգը հնացել է եւ գնահատման նոր համակարգը գալու է փոխարինելու գործող համակարգին: Արդյունքում՝ քաղաքացիական ծառայողները ոչ թե երեք տարին մեկ պետք է գնան ատեստավորման, այլ ամբողջ երեք տարիների ընթացքում գնահատվելու է տվյալ պաշտոնյայի աշխատանքը, առաջանալու է նաեւ շարունակական կրթության անհրաժեշտություն:
Այս ամենը բացահայտելու է յուրաքանչյուրի «կաղ» կողմերը, ասում է Մանվել Բադալյանը՝ չթաքցնելով, որ գիտելիքներից կաղացողներն այսօր շատ են: Ցուցանիշներն առավել քան մտահոգիչ են: Վերջին անգամ ատեստավորման հաղթահարել են մոտ 20 տոկոսը։
Հարցերը հիմնականում ՀՀ Սահմանադրությունից են, քաղաքացիական ծառայության օրենսդրությունից, համակարգչային հմտություններ, հայերերնի, հայ ժողովրդի պատմության իմացություն։
Մանվել Բադալյանն այսօր էլ հայտարարում է. մրցույթներն ու ատեստավորումը ձեւական չի արվում, «վերեւներից» ճնշում չի լինում՝ կոնկրետ մեկին աշխատանքի տեղավորելու համար, «խնամի ծանոթ բարեկամներն» էլ աստիճանաբար սովորում են իրենց պաշտոնյա հարազատի «ոչ» բառին: