Հասարակություն

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո Թբիլիսիի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում

Հռոմեական -Կաթոլիկ Սուրբ Եկեղեցու Անդրկովկասյան վարչության Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի հետ համատեղ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:

Քույր եկեղեցու բակում հավաքված հավատացյալները դիտել են նախամուտքում կազմակերպված Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը: Բազմամարդ եկեղեցում Հիշատակի երեկոն սկսվել է միասնական Տերունական աղոթքով: Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն ողջունելով ներկաներին, խոսք է ասել օրվա խորհրդի մասին, հիշատակելով դարասկզբին հայի ժողովրդի, այնուհետև հրեա ազգի նկատմամբ իրականացված Եղեռնագործությունը, դատապարտել մարդկության դեմ սանձազերծված ցեղասպանության ամեն տեսակ դրսևորում:

Այնուհետև կատարվել է հոգեհանգստյան կարգ և աղոթք բարձրացվել Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը հանդես է եկել Հայոց Եղեռնի մասին ընդարձակ բանախոսությամբ: Իր ստեղծագործություններն ընթերցել է բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում կարևորել է այն, որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքով թեև հայրենազրկվել , բայց ունեցել է նաև իր հերոսամարտերն ու հերոսները, ովքեր պայքարեցին ժողովրդի փրկության համար: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր է ուղղել այն ժողովուրդներին և երկրներին, ովքեր կիսում են հայոց վիշտը, այն պետություններին ու ազգերին ովքեր ընդունել ու ապաստանել են մազապուրծ փրկված հայությանը:

Հայ ժողովուրդը պատասխանատվություն է զգում իր անցյալի, ներկայի և ապագայի համար, հայությունը վերածնունդ է ապրում Արցախը ազատագրելով և մայր հայրենիքին վերամիավորելով, վերածնունդ է ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում իր ձեռքբերումներով: Թեմակալ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու առաջնորդին Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի երեկոն կազմակերպելու և հյուրընկալելու համար:

Հիշատակի երեկոյին հնչել են հայերեն, իտալերեն և վրացերեն հոգևոր երգեր հռոմեական -կաթոլիկ և Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախմբերի կատարումներով: Նահատակների հիշատակի ոգեկոչման երեկոներ կանցկացվեն նաև մյուս քույր եկեղեցիներում: Հայտնում է  armenianchurch.ge-կայքը:

Back to top button