Սարգսյանը շնորհավորեց Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև Ձեր վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին:
Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է նախագահ Սարգսյանը։