Միջազգային

Թել Ավիվի` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրանա-ամերիկյան գործարքը ձախողելու փորձը հաջողությամբ է պսակվում

marlenahovsepyan

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  նախօրեին Կոնգրեսում հանդես է եկել  իրանա-ամերիկյան բանակցությունների անհեռանկարային լինելու մասին ելույթով: Նեթանյահուն հայտարարել է, որ ժամանակակից Իրանը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի համար:

«Աշխարհում ամենամեծ սպառանլիքը մարտնչող իսլամի և միջուկային զենքի խառնուրդն է: Թեհրանին առաջարկվող գործարքը թույլ կտա պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո կարճ ժամանակահատվածում ստեղծել միջուկային զենք, քանի որ Իրանն ունի հսկայական միջուկային ենթակառուցվածք»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն իր ելույթում խոսել է նաև ԱՄՆ հետ իր երկրի դաշնակցային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք կան և կմանան քաղաքականությունից վեր:

Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում ուղեկցվել է հանրապետական պատգամավորների բուռն ծափահարություններով: Դեմոկրատների մեծամասնությունը  երեկվա նիստին ներկա չի եղել։

Հիշեցնենք, որ գործիչը Վաշինգտոն է ժամանել հանրապետականների հրավերով, որոնք Սպիտակ տան վարչակազմին անգամ չեն տեղեկացրել սպասվող այցի մասին։ Ռազմավարական դաշնակից երկրի վարչապետի այցը ԱՄՆ այս անգամ այնքան էլ բարեկամական չի ստացվել։ Բարակ Օբամային քննադատելու նպատակով Վաշինգտոն ժամանած գործչին Սպիտակ տանը չեն հյուրընկալել: ԱՄՆ նախագահը  Նեթանյահուի ելույթից հետո հայտարարել է, որ նա որևէ նոր բան այդպես էլ չասաց։

Իրանա-ամերիկյան գործարքը, որի շուրջ Ժնևում բանակցություններ են վարվում մեկ տարուց ավելի և որը պետք կնքվեր մինչև մարտի վերջ, կարծեց թե ձախողվում է։ Նախագահ  Օբաման նախօրեին հայտարարել էր, որ Թեհրանը 10 տարով պետք է սառեցնի միջուկային ծրագիրը: Իրանի իշխանությունները նրա պահանջը ծայրահեղ և անտրամաբանակն են անվանել։ «Օբաման խոսել է անընդունելի և սպառնալի ոճով»,- ասել է արտգործնախարար Զարիֆը։

Back to top button