Մշակույթ

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ևս մեկ անգամ իր տաղանդով կգերի հայ երաժշտասերներին

Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահար Եվենի Կիսինի մենահամերգը: Կհնչեն Բեթհովենի 21- րդ սոնատը, Պրոկոֆևի 4- րդ սոնատը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի «Ռակոցի-մարշը»:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն   Սոնա Հովհաննիսյանի խոսքերով՝ Եվգենի Կիսինը  մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է։ «Երբ առաջին անգամ  եկավ Հայաստան,  մեկնելու ժամանակ խոստացավ՝ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա։ Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը։

Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են  ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնը  անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ։

Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկանում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի «Դաշնամուրի կոնցերտը», իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։ Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։

Back to top button