Հասարակություն

Մարտի 8- ապրիլի 7. երեւանցի կանայք կարող են անվճար վիրահատվել

lianaeghiazaryan

Կանանց միամսյակի կարակցությամբ Երեւանի գրանցում ունեցող կանանց անվճար հետազոտվելու եւ վիրահատվելու հնարավորություն է ընձեռվում: Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն այսօր առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին կոչ է արել դիմել տեղամասային պոլիկլինիկաներ` հերթագրվելու: Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են, որ անցյալ տարի նույն անվճար ակցիայի շրջանակներում բժիշկները գումար են պահանջել,  Կամսար Բաբինյանը հորդորել է նման դեպքերում անպայման զանգահարել քաղաքապետարանի «թեժ գծին»: Ծրագրի պատասխանատուն խոստացել է անձամբ գնալ բողոքի հետքերով:

Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս անցկացնում է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան: Անվճար վիրահատության միամսյակում ընդգրկվելու համար կանայք պետք է դիմեն ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություն մարտի 8-ից ապրիլի 7-ը ժամանակահատվածում: Պարտադիր նախապայման է երեւանյան գրանցում ունենալը կամ բնակության վայրի պոլիկլինիկայում գրանցված լինելը

Դիմողների համար տարիքային սահմանափակում չկա, պարտադիր է իգական սեռի ներկայացուցիչ լինելը: «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակներում 26 հազարից ավելի քաղաքացի է անցյալ տարի դիմել: Նրանցից 1936-ը վիրահատվել է անվճար:

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրեց ակցիայի անցկացման մեխանիզմը։ Առողջական խնդիր ունեցող քաղաքացին դիմում է իր հաշվառված ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություն, որտեղ կկատարվի առաջնային բուժզննում եւ նախնական ախտորոշում։ Եթե բժիշկը գտնում է, որ տվյալ քաղաքացին ունի երկրորդ փուլ ուղեգրվելու կարիք, նրան անհրաժեշտ է նեղ մասնագիտական կամ ավելի խորացված հետազոտություն, քաղաքացին կուղեգրվի ստացիոնար, որտեղ կենթարկվի խորը մասնագիտացված հետազոտման եւ հարկ եղած դեպքում կվիրահատվի։

Ծրագրի պատասխանատուն առանձնացնում ու շեշտում է՝ անվճար կկատարվեն գինեկոլոգիական եւ աչքի վիրահատությունները, վահանաձեւ գեղձի, հորմոնալ եւ տոմոգրաֆիկ թանկարժեք հետազոտությունները, նաեւ՝ ընդհանուր վիրաբուժությունը: Անցյալ տարվա ցանկից այս տարի հանվել են ուռուցքաբանական վիրահատությունները: Կոռուպցիոն ռիսկեր կային, բացատրում են ծրագրի պատասխանատուները: Ուռուցքաբանական վիրահատությունները համավճարով էին անցյալ տարի անցկացվում, դա եւ դժգոհություններ, եւ ֆինանսական ռիսկեր էր առաջացնում:

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ Կամսար Բաբինյանը շեշտեց՝ քաղաքացին ինքը կարող է ընտրել, թե որ բուժհաստատությունում վիրահատվի եւ որ բժշկի մոտ: Իսկ մինչ այդ՝ իր պոլիկլինիկայում կարող է ծանոթանալ այն բուժհաստատությունների ցանկին, որոնք ընդգրկված են ակցիայում: Ընդ որում՝ ծրագրում ներգրավված են թե պետական, թե  մասնավոր բուժհաստատություններ:

 

Back to top button