Տնտեսական

ՌԴ-ից ՀՀ տրանսֆերտների կտրուկ նվազումը նոր ռիսկերով է սպառնում

lianaeghiazaryan
Տարբեր տնտեսագետների հոռետեսական կանխատեսումները սկսում են իրականանալ: Այս մասին հայտարարում են հենց իրենք՝ տնտեսագետները՝ վկայակոչելով արդեն պետական կառույցների, մասնավորապես, կենտրոնական բանկի ներկայացրած պաշտոնական տվյալները: Ըստ դրանց՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկված ոչ առեւտրային  դրամական փոխանցումները այս տարվա հունվարին անցյալ հունվարի համեմատ կտրուկ նվազել են: Սա նշանակում է ոչ միայն շրջանառվող փողի քանակի նվազում, բազմաթիվ քաղաքացիների գնողունակության անկում, այլեւ նոր ռիսկեր պետական պահուստային միջոցների համար:

 

 

Այս տարվա հունվարին ֆիզիկական անձինք Հայաստան են ուղարկել ընդամենը  54 մլն 195 հազար դոլար: Ցուցանիշը խիստ մտահոգում է, երբ այն 2014-ի հունվարի նույն ցուցանիշի հետ ենք համեմատում: Անցյալ հունվարին բանկերի միջոցով ոչ առեւտրային դրամական փոխանցումները կազմել են 99 մլն 576 հազար դոլար, այսինքն՝ ավելի քան 43 միլիոն դոլարով ավելի:

Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների շուրջ 90%-ն ուղարկվում է Ռուսաստանի Դաշնությունից, եւ ընդամենը 6%՝ ԱՄՆ-ից, 4%-ն էլ՝ այլ պետություններից: Հաշվի առնելով սա՝ նշված ցուցանիշերն ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ միայն Ռուսաստանից անցյալ հունվարի համեմատ այս հունվարին փոխանցումները նվազել են ավելի քան կրկնակի՝ 80.7 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ընդամենը 37 173 մլն: Պարզ է, որ Հայաստանում ապրողներին որպես ֆինանսական օժանդակություն ուղարկվող գումարների 90 տոկոսն ուղարկում են ՌԴ-ում ապրող, ազգությամբ հայ աշխատանքային միգրանտները: Երևույթը բացասական է նրանով, որ ռուսական ռուբլու արժեզրկումը զգալի վնաս կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը, ընդ որում՝ նոր վնասներ: Ցավոք, այսօր Հայաստանի քաղաքացիները խիստ լուրջ կախվածության մեջ են տրանսֆերտներից:

Տնտեսության համար էլ դա պակաս նշանակություն չունի: Տրանսֆերտները թեեւ ժամանակավոր, բայց որոշակիորեն կայունացնում են երկրի տնտեսությունը: Միաժամանակ, որքան ավելի կարեւոր են տրանսֆերտները տվյալ տնտեսության համար, այդքան ավելի մեծ է պետության խոցելիությունը և այլ երկրների տնտեսություններից կախվածությունը: Ինչ ռիսկերով է սպառնում տրանսֆերտների կտրուկ կրճատումը: Արտասահմանյան տրանսֆերտների նվազման հետեւանքով առաջին հերթին տնտեսության մեջ նվազում է արտարժույթի ծավալը, ինչը լրացուցիչ ճնշում է դրամի փոխարժեքի վրա: Սա ենթադրում է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը ստիպված կլինեն նախկինի փորձով դրամի փոխարժեքը կայուն պահելու նպատակով ծախսել միջազգային մեր պահուստները: Իսկ մեր միջազգային պահուստներն առանց այն էլ լուրջ ճնշման տակ են խիստ ծանրացած պետական պարտքի պատճառով. «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան ահազանգում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 2015-ի համար էլ առանձնապես լավատեսական կանխատեսումներ չունի: Գրեթե կասկածից դուրս է՝ Հայաստանի պարտքերն ավելանալու են, քանի որ կառավարությունը փորձելու է դրսից նոր գումարներ ներգրավել տնտեսական ակտիվությունն ավելացնելու նպատակով: Տնտեսական աճի ցուցանիշն էլ անկման միտում է ցուցաբերելու: Եթե մեր երկիրը հաջողեց անցյալ տարին փակել գոնե դրական ցուցանիշերով, ապա այս տարվա համար Եվրոպական զարգացման բանկն ու միջազգային հեղինակավոր այլ ֆինանսական կառույցներ արդեն զրոյական աճ են կանխատեսում:

Ուշագրավ է, որ, բացառությամբ ճգնաժամային 2010-ի, բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկված ոչ առեւտրային  դրամական փոխանցումների այս ցուցանիշն ամենացածրն է 2006-ից ի վեր: Սա, ցավոք, գալիս է հաստատելու տարբեր տնտեսագետների ամենաբազմազան հոռետեսական սպասումները՝ այս տարի ավելի վատ ենք ապրելու: Ռուսական ռուբլու արժեզրկման պարագայում կնվազի այն հայաստանցիների կենսամակարդակը, ովքեր ապրում են ռուսաստանաբնակ հարազատների կողմից դրամական փոխանցումների հաշվին, իսկ դա կանխելու համար Հայաստանի կառավարությունը ոչինչ անել չի կարող:

Back to top button