Հասարակություն

«Միջուկային էներգետիկա-2015». մեկնարկել են սեմինար-վարժանքները

karenghazaryan

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում այսօր մեկնարկել են «Միջուկային էներգետիկա 2015» խորագրով սեմինար-վարժանքները: Այն անցկացվում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության ծրագրի շրջանակներում: Սեմինար-վարժանքները վարելու են ԱՄՆ Արգոնի ազգային լաբորատորիայի մասնագետները:


Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ոստանիկ Մարուխյանի խոսքով՝ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ սկսվել է 15 տարի առաջ:

«Կարեւոր է միջուկային էներգետիկայի գծով մասնագետների պատրաստման ժամանակ ժամանակակից մեթոդներին ու գործիքակազմերին, մեթոդոլոգիաներին տիրապետելը: Այս տեսանկյունից՝ մենք կարողանում ենք այս համագործակցության ծրագրի շրջանակներում քաղել այն արգասաբեր օգուտը, որը համալսարանի ուսանողության եւ, ինչու չէ, նաեւ դասախոսական համակազմի համար բավականին օգտավետ է»:

Հետաքրքիր է, որ սեմինար-վարժանքների ընթացքում նաեւ առցանց իրականացվում է լաբորատոր աշխատանք ԱՄՆ-ում գտնվող լաբորատորիաներից մեկի ռեակտորի վրա: Ոստանիկ Մարուխյանն ասաց, որ այդպիսի բավականին հաջող փորձ արդեն կենտրոնն ունի: Մի բան, ինչը նախկինում անհավանական էր թվում: ԱՄՆ-ից ժամանած միջազգային ճարտարագետ, Պարդյու համալսարանի մագիստրոս եւ Արգոնի ազգային լաբորատորիայի Միջուկային էներգետիկայի հանձնախմբի անդամ Աուստին Գրիլը գոհ է հայաստանյան ընդունելությունից եւ ուրախ է, որ եւս մեկ անգամ հնարավորություն է ստացել մասնակցելու նման կարեւոր մի ծրագրի:

«Իմ եւ գործընկերներիս անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նման հնարավոություն ընձեռելու համար: Մեր թեմաները, որոնք ներկայացնելու ենք վերաբերում են միջուկային էներգետիկային եւ համապատասխանում են ուսանողության, մագիստրանտների եւ դասախոսների համար նախատեսված գիտելիքների մակարդակին: Ուրախ կլինենք, որ ծավալվեն համատեղ ակտիվ քննարկումներ»:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի գնահատմամբ՝ գործնական աշխատանքները վերաբերում են նաեւ վթարների վերացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը:

«Ոլորտը մեծ կարեւորություն ունի եւ այդ առումով՝ տվյալ կենտրոնն այսօր համարվում է մեր համալսարանի ամենամեծ ձեռքբերումներից եւ բրենդներից մեկը: Կանենք ամեն ինչ, որ նման ծրագրերը զարգանան, էլ ավելի խորանան ու ընդլայնվեն»:

Արդյունքում՝ հնարավոր է դառնում նաեւ կրթական ծրագրերի ճշգրտումն ու համադրումը՝ տարբեր ուղղություններով: Կարեւոր է նաեւ, որ սեմինար-վարժանքներին մասնակցում են ոլորտի հետ առնչություն ունեցող հայաստանյան տասնյակից ավելի գործընկեր կազմակերպություններ:

Back to top button