Մշակույթ

Այսօր լրանում է Մարտիրոս Սարյանի ծննդյան 135- ամյակը

lenabadeyan

Այսօր լրանում է Մարտիրոս Սարյանի ծննդյան 135- ամյակը։ Կոմիտասի անվան պանթեոնում այսօր արվեստագետներն ու մեծ գեղանկարչի երկրպագուները նշել են Վարպետի տարեդարձը եւ խնկարկել նրա հիշատակը։

Կա մի ընդունված կարծիք. «Սարյանը մեր ժողովրդի ժպիտն է»։ Նրա աշխատանքները «կյանքի, ապրելու ցանկություն է առաջացնում» Վարպետի աշխատանքներին ծանոթանալուց հետո գրել է հանրահայտ սցենարիստ, բանաստեղծ, նկարիչ եւ քանդակագործ Տոնինո Գուերան:

Եվ սրանք պարզապես խոսքեր չեն:

Մեծն Սարյանը վերապրելով հայերի համար ամենաբարդ իրադարձությունները, միեւնույնն է՝ իր կտավներում ներկայացրել է ինչպես անցյալն, այնպես էլ՝ ապագան: Հենց դա է նրա աշխատանքների ուժը, ասում է տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը:

Մարտիրոս Սարյանը մեծություն է, որ դեռ շարունակում է մեծանալ, ասում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Համոզված է՝ վերպետն իր աշխատանքներում հայության կոդն ու գենն է փորձել բացահայտել: Միաժամանակ ինքը՝ Մարտիրոս Սարյանը, դեռեւս լիովին բացահայտված չէ մեզ համար:

«Սարյանի ժառանգությունն ուսումնասիրել, դա հսկայական ինստիտուտի գործ է, որովհետեւ մինչեւ վերջերս լիովին, ամբողջական ներկայացված չէր Սարյանը որպես գրքի ձեւավորող։ Նրա գրաֆիկան, նրա գրական ժառանգությունը ամբողջությամբ պետք է ներկայացվի։ Յոթ հատորի չափ նա ունի գրավոր ժառանգություն, որը հսկայական աշխատանք է եւ որը իսկապես պահանջում է եւ հրատարակել, եւ ուսումնասիրել»,- նշում է Գրողների միության նախագահը։

Ի դեպ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը երկար ժամանակ է վերանորոգվում եւ վերակառուցվում է, փակ է, բայց եւ անգործության մատնված չէ: Մեկ տարուց ավելի է, ինչ ցուցադրությունը շարունակվում է Մատենադարանի գիտահետազոտական տարածքում: Եվ այնտեղ էլ թանգարանը շարունակում է գիտական աշխառանքը՝ հոդվածներ են տպագրվում, գրքեր են լույս տեսնում:

Այս տարին հոբելյանական է եւ 2015-ին պարբերաբար կազմակերպվելու են միջոցառումներ Մարտիրոս Սարյանի 135 ամյակի կապակցությամբ:

Մշակույթի նախարարությունում կարծում են, որ տարեվերջին Սարյանի տուն-թանգարանը վերջապես կբացի իր դռները այցելուների համար, ասում է փոխնախարար Արեւ Սամուելյանը: «Շուրջ 450 քառակուսի մետր էքսպոզիցիոն նոր տարածք է ավելացվել, նաեւ մանկական- կրթական ծրագրի համար հատուկ հարթակ կա, նաեւ աշխատանքային՝ գիտական, գիտաֆոնդային աշխատանքների համար առանձնացված տարածքներ կան: Հետագայում ծրագիր կա թանգարանը հանրահռչակելու այն առումով, որ գրական գեղարվեստական սրճարան-կենտրոն դառնա»։

Այս տարվա ընթացքում Մարտիրոս Սարյանի աշխատանքները կներկայացվեն նաեւ աշխարհի տարբեր հատվածներում՝ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Back to top button