Սումգայիթյան կոտորածները՝ ականատեսի աչքերով
1988 թվականի փետրվարի 26-28-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետականորեն կազմակերպվեց նախճիր` տեղի հայության հանդեպ: Խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված դաժան սպանություններն ու բռնությունները, ունեցվածքի թալանը, արցախահայության ձեռնարկած ինքնորոշման օրինական-սահմանադրական գործընթացի պատասխանն էր։
1988-ի փետրվարի 27-ին Սումգայիթի կենտրոնում կազմակերպվեց հանրահավաք, որին մասնակցում էր քաղաքի կուսակցական վերնախավը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ և մեծ թվով ադրբեջանցիներ: Հանրահավաքից հետո ամբոխը կուսակցության առաջին քարտուղար Մուսլիմզադեի գլխավորությամբ դրոշներով շարժվում էր քաղաքի փողոցներով՝ ջարդուփշուր անելով հայերի խանութները, կրպակներն ու մեքենաները, այն ամենը, ինչ պատկանում էր հայերին:
Փետրվարի 28-ին ոհմակը ներխուժեց նաև հայերի բնակարանները: Դեպքերի ականատես Ռոման Ղամբարյանը «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչպես ամբոխը հավաքվեց իր շենքի մուտքի մոտ և սկսեց սպառնալիքների հեղեղ թափել հայերի հասցեին: Քիչ անց կացիններով ու երկաթե մահակներով սկսեցին կոտրել Ղամբարյանների բնակարանի դուռը:
Երկար դիմադրելուց հետո գազաններից մեկին, այնուամենայնիվ, հաջողվում է երկաթե ձողով հարվածել Ղամբարյանների հոր՝ 62-ամյա Ալեքսանդր Ղամբարյանի գլխին: Նա ծանր վիրավորվում է, բայց շարունակում է պայքարել: Մի քանի ժամ արյունաքամ լինելուց հետո Ալեքսանդր Ղամբարյանն արդեն մահացել էր: Ավերված բնակարանում բարիկադներ կառուցելով հոր դիակի մոտ, Ղամբարյաններն անցկացնում են ողջ գիշերը:
Հաջորդ օրը երեկոյան նրանց տուն է գալիս ադրբեջանցի հարևաններից մեկն ու զգուշացնում, որ բնակարանում լույս չվառեն: Պարզվում է, որ դա ևս ադրբեջանցիների մշակած պլաններից մեկն էր՝ հայերի բնակարանները զանազանել նաև վառված լույսերով, քանի որ ադրբեջանցիներին այդ մասին նախապես զգուշացրել էին: Հավանաբար անսալով խղճի ձայնին՝ հարևանը Ղամբարյաններին թաքցնում է իր տանը:
Քիչ անց գալիս է հարևանի հայրը և, վախենալով հայրենակիցների հաշվեհարդարից, հայերին թաքցնելու համար, ղամբարյաններին խնդրում է դուրս գալ բնակարանից : Ծեր կնոջ՝ մոր, հետ շենքից դուրս գալն ու փախչելն անհնար էր, և եղբայրները ստիպված են լինում դիմել մեկ ուրիշ հարևանի՝ խնդրելով ներս թողնել: Այդ պահին ողջ թաղամասը կրակի ու արյան մեջ էր, քանի որ հայերի բնակարաններն այդ թաղամասում բավականին շատ էին
Փետրվարի 29-ին՝ երեք օր ուշացումով, խորհրդային զորքը վերջապես մտնում է Սումգայիթ: Ռոման Ղամբարյանի վկայությամբ՝ երբ զինվորների ուղեկցությամբ հոր դիակը տեղափոխում են դիահերձարան, այնտեղ ականատես է լինում զարհուրելի տեսարանի. բազմաթիվ խոշտանգված և այրված դիակներ:
Ռոմանը հիշում է հատկապես այրված երեխայի դիակը, որի անունը հետագայում որևէ ցուցակում չհայտնվեց, որպես սումգայիթյան ոճրագործության զոհ, մինչդեռ ադրբեջանցի ելուզակներն աշխարհի աչքի առաջ լկտիաբար ստում էին, որ Սումգայիթում որևէ երեխա չի սպանվել: