Ռուսաստանի՝ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հարձակողական զենք վաճառելը շատ նուրբ հարց է Հայաստանի համար, «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Մի կողմից մենք հասկանում ենք, որ ցանկացած ինքնիշխան պետություն ունի զենքի առեւտրի անքակտելի իրավունք, սակայն նաեւ կարծում ենք, որ ռազմավարական գործընկերոջ հետաքրքրություններն ու մտահոգությունները եւս պետք է հաշվի առնվեն։ Հուսով եմ, որ մեր ռուսաստանցի գործընկերները հետեւում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը եւ ձգտում չափավորել մեր հարեւանի, թույլ տվեք ասել, «զինվելու մոլուցքը»։
Նախարարը չի բացառել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի դեռ հակամարտության կողմերը վերջնական խաղաղ կարգավորման չեն հանգել։ «2014- ի ամռանը հրադադարի կտրուկ աճը, որը շարունակվում է մինչեւ այսօր, իհարկե, մտահոգում է։ Հատկապես զայրացնում է հակառակորդի նոր «կեղծ մարտավարությունը», երբ անցած տարվա նոյեմբերին ուսումնական վարժանք իրականացնող ուղղաթիռ են խոցում, իսկ անցած տարվա ամռանը եւ այս տարեսկզբին նպատակաուղղված կրակ են բացում խաղաղ բնակավայրերի վրա՝ կիրառելով ծանր տեխնիկա։ Չեն խորշում նաեւ դիհուկահար հրազենով կրակել սեփական տանը գտնվող խաղաղ բնակիչների վրա։ Ստեղծված իրավիճակում հակառակորդի ագրեսիվ դրսեւորումներին հակազդելու միակ միջոցը մեր կողմից պատասխան, երբեմն անգամ կանխարգելիչ գործողություններն են»։