Հասարակություն

Զորաց քարերը ոչ թե աստղադիտարան, այլ` դամբարան. գիտնական

alisagevorgyan

Զորաց քարեր հուշարձանը ոչ թե աստղադիտարան է, ինչպես պնդում էր ակադեմիկոս Պարիս Հերունին, այլ `դամբարան: Այսօր նման հայտարարություն է արել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական միջավայրի պահպանման  ծառայություն» ՊՕԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղական Աշոտ Փիլիպոսյանը՝  ամփոփելով լեհ գործընկերների հետ վերջին տարիների Զորացքարերում և Մեծամորում իրականացված հնագիտական աշխատանքների արդյունքները:

 

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական միջավայրի պահպանման  ծառայության ենթակայության տակ գտնվող Մեծամոր և Զորաց քարեր  հուշարձանների տարածքում իրականացված վերջին հնագիտական աշխատանքները բացահայտում են պատմական նոր շերտեր, հերքում մինչ օրսգոյություն ունեցող վարկածներ: Այն ինչ պեղվել է Մեծամորում, ըստ ծառայության ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանի, վերաբերում է ուրարտական շրջանին՝մ.թ.ա 11-9-րդ դարերին:

2012-14 թվականների ընթացքում հնագիտական աշխատանքներն իրականացվել են հիմնականում Մեծամորի քաղաքային թաղամասում, որն ըստ գիտնականի, կարելի է համարել Մեծամորի երկրորդ միջնաբերդը: Ի թիվս մի շարք գտածոների, այստեղ հայտնաբերվել են մեկ մետրանոց չորս կարասներ, որոնցից յուրաքանչյուրը հավաքվել է 150-200 մանր կտորներից: Աշոտ Փիլիպոսյանը հուսով է, որ 2015-ին նախատեսվող պեղումները Մեծամորում կընդգրկեն ավելի մեծ ծավալ և ավելի հետաքրքիր շերտեր կբացահայտեն:  Ի դեպ, Մեծամորի պեղումներով հետաքրքրված են նաև թուրք գիտնականները: 2014-ին վերոնշյալ աշխավախումբն աշխատել է նաև վիճահարույց Զորաց քարեր հուշարձանում, որն անվանում են նաև Քարահունջ:

Ոչ միայն 6000 լուսանկարները, այլև հնագիտական պեղումների մինչ օրս արձանագրված արդյունքը փաստում է, որ Սյունիքի մարզում գտնվող Զորաց քարեր հուշարձանը ոչ թե աստղադիտարան է, ինչպես համոզված էր ակադեմիկոս Հերունին, այլ դամբարան: Նյութը վերաբերում է մ.թ. ա 11-9-րդ դարերին և ոչ մի կապ չունի 7-րդ հազարամյակի հետ:

Աշոտ Փիլիպոսյանը խոսեց Զորաց քարերի պահպանության խնդրի մասին. ծառայության ջանքերով 2014-ին այն ցանկապատվել էր, բայց ինչպես պարզվեց դա այնքան էլ ապահով միջոց չէր: Բացի այդ, ըստ գիտնականի, թերևս, ամենակարևորը՝ հուշարձանը մեծ քանակությամբ հնագիտական նյութ է տալիս և այդ նյութը տարածքում թանգարան կառուցելու և այնտեց ցուցադրելու խնդիր է առաջացել: «Դա կարող է լինել Հայաստանի ամենահետաքրքիր, իր տեսակի մեջ եզակի թանգարանը»,-ասում է Աշոտ Փիլիպոսյանը՝ ծրագիրն իրականացնեկու համար ակնկալելով հովանավորների աջակցությունը:

Back to top button