Շքանշանների հանձնման արարողություն՝ Մայր Աթոռում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր նախագահությամբ փետրվարի 26ին տեղի է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած պատկառելի վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ ՍահակՍուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ են հանձնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան տիար Շահեն Խաչատրյանին, ՀՀ գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական կլինիկաների ղեկավար, ՀՀ ՊՆ և ՆԳՆ գլխավոր խորհրդատու պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին ու ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձգինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանին: Արարողությունը բացվել է միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազանն ուրախություն է հայտնել, որ վաստակաշատ նվիրյալ հայորդիներն արժանացել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գնահատանքին և օրհնությանը:
Մեծարյալների կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձել են նաև Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, բժշկական գիտությունների դոկտորպրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար Վիլեն Հակոբյանը: Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական երեք սրբատառ կոնդակները: Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցել է տիար Շահեն Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակը: Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ներկայացրել է տիար Հովհաննես Սարուխանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, իսկ տիար Ռազմիկ Աբրահամյանին ուղղված Հայրապետական կոնդակը ներկայացրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու «Սուրբ ՍահակՍուրբ Մեսրոպ» շքանշաններով է զարդարել մեծարյալների կուրծքը` ի գնահատություն ազգային և հասարակական կյանքում նրանց բերած մեծ ավանդի:
Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն են ասել նաև ցերեկույթի երեք մեծարյալները` Հայ Եկեղեցու կողմից իրենց ընծայված բարձր պատվի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես են եկել «Նոր անուններ» ծրագրի մասնակից պատանի երաժիշտկատարողները` ղեկավարությամբ Սիլվա Մեքինյանի: Հանդիսությունն ամփոփվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, մասնավորապես, ընդգծել է, որ անձնապես հաղորդ է եղել շնորհընկալների նվիրյալ գործունեությանը, տեսել է, թե պատասխանատվության ինչպիսի բարձր զգացումով են իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնում ժողովրդին: Բարձրորեն գնահատելով Հայ եկեղեցու շքանշանակիրների վաստակն ու ծառայությունը ազգին և Հայրենիքին` Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ իրենց կյանքը շարունակեն ապրել Աստծու օրհնության մեջ և ժողովրդի սերն անպակաս լինի նրանցից: Հանդիսությանը ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, մեծարյալների գործընկերները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ: